Մամուլ

Քոչարյանն իր վերջին հարցազրույցում վիրավորեց ժողովրդին. մարդկանց և անասունների տարբերության մասին

Քոչարյանն իր վերջին հարցազրույցում վիրավորեց ժողովրդին: Վերջին օրերին հետաքրքիր միտում է նկատվում՝ նախկինները, քաղաքական բոլոր փաստարկները սպառելով, անցել են «սառնարանային» քարոզչությանը։ Իմաստը հետեւյալն է՝ ժողովրդին սեփական սառնարանի պարունակությունից բացի որեւէ այլ բան չի հետաքրքրում, հետեւաբար՝ ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը մարդկանց սառնարանները լցնելն է, եւ մարդիկ ըստ իրենց սառնարանների պարունակության են գնահատում ցանկացած իշխանության գործունեությունը։

Համաձայնվեք, որ մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ մարդու համար սեփական կերակրատաշտից (մսուրից, լափամանից) բացի այլ արժեքներ էլ կան, եւ եթե մեկը հայտարարում է, թե ժողովրդի համար ամենակարեւորն ուտելիքն է, դրանով իսկ նա ժողովրդին անուղղակիորեն անասունների հետ է համեմատում։

Իսկ դա ցանկացած ժողովրդի համար մեծագույն վիրավորանք է։ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ըստ էության հենց այդպիսի ծանրագույն վիրավորանք հասցրեց մեր ժողովրդին, իսկ նրա «վկաները» առանց հասկանալու սկսեցին տիրաժավորել դա՝ կարծելով, թե «մարդկանց սրտից են խոսում»։ Ավելին՝ սրանք հարցն այնպես են ներկայացնում, թե իբր Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, որովհետեւ սոված էին, ու հեղափոխությունից միայն մի ակնկալիք ունեին՝ «կուշտ փորով հաց ուտել»։

Հետաքրքիր է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիշո՞մ են այն ժամանակները, երբ ղարաբաղյան շարժման հզորությունից ցնցված՝ ԽՍՀՄ իշխանությունները եզրակացրել էին, թե արցախցիների ընդվզման պատճառը ոչ թե ազատության ու արժանապատիվ կյանքի ձգտումն է, այլ սոցիալական վատ վիճակը, եւ որոշել էին Ղարաբաղին լրացուցիչ 400 միլիոն ռուբլի հատկացնել (հսկայական գումար՝ ընդամենը 180 հազար բնակչություն ունեցող մարզի համար)։ Ու կհամարձակվեի՞ն նրանք այն ժամանակ հայտարարել, թե պայքարը շարունակել չարժե, որովհետեւ կարեւորը մարդկանց «սառնարանների պարունակությունն է»։

Կամ՝ հետագայում տարիներ շարունակ Ադրբեջանը հայտարարում էր, թե խաղաղության հաստատման դեպքում (հասկանալի է՝ իրենց համար նպաստավոր պայմաններով խաղաղության) Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի սոցիալական վիճակը կտրուկ կլավանա, շրջափակումը կվերացվի, կընդգրկվենք տարածաշրջանային բազմաթիվ նախագծերում եւ այլն։ Հիմա փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, ժողովուրդը պիտի գրկաբա՞ց ընդունի «լիքը սառնարաններ ունենալու» այդ հեռանկարը։ Սրանք իսկապե՞ս մեր ժողովրդին իրենց արշինով են չափում։

Մեծ հաշվով՝ հեղափոխության իմաստը հենց պետություն-հասարակություն (ժողովուրդ) փոխհարաբերություններն արմատապես փոխելն է։ Ժողովուրդը ստրուկ չէ, որին ստրկատերը պիտի օրը երկու անգամ կերակրի ու հոգա մնացած մանր-մունր կարիքները՝ դրա դիմաց անխնա շահագործելով ու մահու չափ նվաստացնելով։ Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ աշխատանքով «լիքը պահել» իր սառնարանը, այլեւ իրեն լիարժեք մարդ զգա։

Մարդ, եւ ոչ թե ստրուկ, որը լավ կերակրող տիրոջից գոհ է լինում ու ապստամբում վատ կերակրող տիրոջ դեմ։ Հայաստանի նոր իշխանությունները հենց այս հարաբերություններն են փոխում, եւ պետք է ասել՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում լուրջ հաջողությունների են հասել։ Ու հենց սա է, որ մտահոգում է նախկիններին, որովհետեւ ստրուկներին հնարավոր է վարձել կամ գայթակղել մի կտոր հացով (կամ պիցցայով), իսկ ազատ մարդիկ այլ արժեքներով են առաջնորդվում։

Ու որքան նվազում են ստրուկի հոգեբանություն ունեցողները եւ ավելանում են արժանապատվություն ունեցող քաղաքացիները, այնքան փոքրանում է նախկինների՝ նոր իշխանությունների դեմ սոցիալական բողոքի ալիք բարձրացնելու շանսը։

Հ․ Գ․ Ի դեպ, հարց է ծագում՝ ինչպե՞ս է պատահել, որ իբր «ժողովրդի սառնարանները լիքը պահելու մասին մտածող» իշխանությունների օրոք Հայաստանից արտագաղթել է առնվազն 400 հազար մարդ։ Երեւի դիետայի վրա էին ու կուշտ կյանքից են փախել։

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով