Ազատ խոսք

Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք

Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք

Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը հավատարիմ մնալով՝ կորոնավիրուսն ում շունն է տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից:

Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը հանրահավաքներ էր կազմակերպում, ասելով, թե պինցետով հատիկ-հատիկ կքաշի ու տնական օղիով կախտահանի կորոնավիրուսը։

Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը։

Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար վիճակում։

Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016թ․-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր։

Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը, գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։

Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանը իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Ասվել է նաեւ, որ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին, ով 2016թ․-ին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է Ռուսաստանի հետ։ Ավելին, Փաշինյանը վերջերս նշեց, որ ինքը այդ հարցը քննարկել է ՌԴ քաղաքական ղեկավարության հետ։

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին փաստերը այն մասին, թե քառօրյա պատերազմը իբր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել ։

Ի՞նչ են Փաշինյանին այս առնչությամբ պատասխանել Մոսկվայում։ Արդյո՞ք ռուսներն ընդունել են Փաշինյանի մեղադրանքները, թե՞ ինքը՝ Փաշինյանն է ընդունել իր սխալը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը։

Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովն այս մասով անգործություն ցուցաբերում, թե՞ իրականում նպատակը համաճարակի ժամանակ շոու բեմադրելն է՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը ներկա մարտահրավերներից։

Միեւնույն է շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են»։

Կիսվել նյութով