Մամուլ

Ցանկություն չունեի մտնել ներքին կռիվների մեջ, որովհետև դա պառակտման հոսանք էր. Նազենի Ղարիբյան

Ցանկություն չունեի մտնել ներքին կռիվների մեջ, որովհետև դա պառակտման հոսանք էր․․․

«Փոքր ժամանակ ինձ միշտ ասում էին՝ բազմակողմանի զարգացած երեխա, տառերն ինքնուրույն եմ սովորել չորս տարեկանում, իսկ հինգ տարեկանում գրում էի, կարդում էի, երբ դպրոց գնացի, ուզում էին միանգամից երկրորդ դասարան նստեցնել, բայց ես այնքան փոքրիկ էի, վեց տարեկանս դեռ չէր լրացել, մայրս չհամաձայնեց, ասաց՝ մեղք է երեխաս»,- Aravot.am-ին պատմեց մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը:

Նրա խոսքով, ինքը շատ հետաքրքրասեր է եղել եւ նաեւ այդ պատճառով ամառային արձակուրդներին միշտ ուսումնական նոր տարեսկզբի համար վերցրած դասագրքերը ծայրից ծայր կարդացած էր դպրոց գնում: Դպրոցական տարիներին հաճախել է տարբեր խմբակների, նախկին փոխնախարարը երգել է խոռում, ստացել կար ու ձեւի հմտություններ, պարի է հաճախել, իսկ 15 տարեկանում դպրոցական արձակուրդների ժամանակ որոշել է գումար վաստակել ու ջերմոցում սկսել է քաղհան  անել.

«Այն տարիքն էր, երբ ուզում ես ինքնուրույն լինել, ըմբոստ քայլեր անել եւ այլն, ես մտավորականների ընտանիքից եմ սերում, բայց որոշեցի՝ իմ գումարը պետք է վաստակեմ չարքաշ աշխատանքով ու գնացի քաղհան անելու այդ մի քանի ամիսը, մայրիկիս գումար տվեցի, ինքը չվերցրեց: Իմ վաստակած գումարով ինձ համար մագնիտոֆոն գնեցի, որովհետեւ շատ էի ուզում իմ սեփական մագնիտոֆոնն ունենալ, հետո քույրերիս հետ գնացի Ծաղկաձոր հանգստյան տուն»:

Ավարտական դասարանում Նազենի Ղարիբյանը տատանվել է բժշկի եւ  ռեժիսորի մասնագիտությունն ընտրելու միջեւ.

«Հաղթեց արվեստն ու թատրոնը, փոքր հասակից խաղացել եմ, բարեկամական շրջապատում ինձ միշտ ասում էին արտիստուհի, երգում էի, պարում, հինգ տարեկանից գեղասահքի եմ գնացել, պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ եղել…Դիմեցի թատրոնի եւ կինոյի ինստիտուտ դերասանական բաժին՝ այն մտքով, որ երկրորդ կուրսից կփոխեմ ռեժիսորական  բաժին, բայց այդ տարի չընդունվեցի ինստիտուտ: Ես համառ էի ու որոշեցի, որ պետք  է հաջորդ տարի էլ դիմեմ, բայց հաջորդ տարի առաջին անգամ բացվեց արվեստաբանական բաժինը, քանի որ փոքր հասակից գրում էի, նկարում, այդ բաժինն ինձ գրավեց ու փորձեցի ուժերս,  ընդունվեցի»:

Բուհն ավարտելուց հետո ինստիտուտի արվեստի պատմության ամբիոնի վարիչը նրան առաջարկել է աշխատանք՝ լաբորանտի, մի քանի ամիս հետո սկսել է ինստիտուտում դասախոսել: Նա նաեւ համագործակցել էլ է մի շարք թերթերի, գրել հոդվածներ, կատարել խմբագրի աշխատանք: 

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով