Ազատ խոսքՄամուլ

«Տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով՝ իր կինը, իրենց աղջիկը, դասեր են տալիս մամուլին». Արմինե Օհանյան․ Տեսանյութ

«Տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով՝ իր կինը, իրենց աղջիկը, դասեր են տալիս մամուլին։ Ինձ տհաճ է, ես չեմ ուզում անգամ անդրադառնալ այդ թեմային, որովհետև համարում եմ, որ երիտասարդ աղջիկն իրավունք չունի, և չի սազում…»,- այսպես արձագանքեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ մամուլի ֆինանսավորման մասին հայտնի ֆեյսբուքյան գրառմանը:

Հիշեցնենք, որ Մարիամ Փաշինյանը մասնավորապես գրել էր. «Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են»:

Տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով ՝ վարչապետը, իր կինը, իրենց աղջիկը, դասեր են տալիս մամուլին, մանավանդ, մի քիչ ուշադիր լիներ՝ կտեսներ,որ պետռեգիստրում գրանցված  լրատվամիջոցների (գոնե տպագիր)  հիմնադիրների կազմը հայտնի է, ֆինանսական հաշվետվություններն ամեն  տարի տպագրում ենք, դա օրենքի պահանջն է:

Բացի այդ՝ պետք է հաշվի առնել՝ Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերն իրենց ընտանիքն է, այսինքն՝  էդ պրիտենզիաները նախ և առաջ պետք է ուղղեն իրենք իրենց»,- հավելեց Ա. Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք նաև, որ մամուլի ֆինանսավորման հարցերին Անթիլիասում վերջերս տեղի ունեցած  Հայ մամուլի համահայկական համաժողովի բացման հանդիսությանը անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա մասնավորապես ասել էր. «Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է. այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված «փաստերի» մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին: Իհարկե, այս իրավիճակն ունի նաև իր օբյեկտիվ պատճառները, առաջինը և ամենակարևորը ֆինանսավորման աղբյուրներն են:

Ես չեմ ուզում այս թեմայի վրա ծանրանալ, որովհետև բոլորը գիտեն, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում, գիտեն, թե մյուսներն ինչպես են ֆինանսավորվում, և գիտակցում են, որ մյուսներն էլ գիտեն, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում: Ֆինանսավորման խնդիրը, իմ խորին համոզմամբ, հայաստանյան մամուլի ներկա իրավիճակի համար առաջին պատճառն է: Որևէ լրատվամիջոց որևէ տեղեկատվություն իր էջերում զետեղելիս՝ հաշվի է առնում, թե դա որքանով է իր ֆինանսավորողի քիմքին հաճելի:

Այս իրավիճակի լուծումը, իմ կարծիքով՝ մեկն է՝ հանրությունն ինքը պետք է իր լրատվամիջոցի ֆինանսավորողը դառնա, այլ ճանապարհ չկա»:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով