Ազատ խոսքՄամուլ

Տարիներով աշխատում ես, քեզ զրկում լիքը ցանկալի բաներից, իսկ մարդկային արժեքներից հեռու մեկը, կոկիկ ձևով սրբում տանում է մի ամբողջ ապրածդ կյանք

Անանուն նամակ ՀՀ քաղաքացուց՝ ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վալերի Օսիպյանին։

«Հարգելի´ պարոն Օսիպյան, Ձեզ գրում է մի ՀՀ քաղաքացի, ում առավոտը սկսվում է՝ «Բա իմացա՞ր․․․» իբր սիրտ տվող արտահայտությամբ, որովհետև բոլորին թվում է, թե էն հանգամանքը, որ այսօր էլ մեկ ուրիշ մեկին են վնաս պատճառել ԳՈՂՈՒԹՅԱՆ միջոցով, կմեղմի այն զայրույթն ու հիասթափությունը, որը զգացինք, երբ գործ ունեցանք Ոստիկանություն կոչվող կառույցի հետ։

Հասկացանք մի բան, որ եթե զուսպ, հավասարակշռված մարդ ես, գողության մասին դիմում տալուց հետո ամեն օր չես գնում էդ կառույցի պատերի տակ գոռգոռում, որ աշխատեն,  մի երկու «թափով ծանոթ»  չես կցում գործին (հավատացած եղեք դեռ աշխատող տարբերակ է), վերջինս մոռացվում ու կամաց-կամաց մոտենում է փակվելուն։

Մինչդեռ քաղաքումս գողությունները շարունակվում ու շարունակվում են:

Ստացվում է այն, որ տարիներով աշխատում ես, քեզ զրկում լիքը ցանկալի բաներից, որ նեղ օրվա համար կողքի դրած մի երկու կոպեկ ունենաս ու մեկ էլ, հո՜պ, ճարպիկ, բայց բարոյական ու մարդկային արժեքներից հեռու մեկը շատ կոկիկ ձևով սրբում տանում է մի ամբողջ ապրածդ կյանք՝ չհաշված սիրուն հիշողություններ զարդերի տեսքով, որ սերնդեսերունդ հասել են քեզ ու դու էլ խնամքով պահել ես՝ հաց չես ունեցել ուտելու, բայց պահել ես, ձեռք չես տվել։

Ցավալի է գիտեք, երբ քրքրում ես էդ մարդկանց կյանքն ու հասկանում, որ իրանց կյանքում միակ մաքրությունը ձեր տան գողությունն էր, զզվում էն մտքից , որ պիտի ապրես ու շնչես նույն օդը նրանց հետ, ովքեր թքած ունեն էն բոլոր հետևանքների վրա, որ իրենց թռցրած փողով ու զարդով չեն գնվի։

Հիմա դիմում եմ Ձեզ։ Այնպես է ստացվել, որ մեր քաղաքի գողերը էնքան են հմտացել, որ կարող են լիքը կեղտոտ գործողություններ անել առանց հետքերի, որից էլ բխում է մեր ոստիկանների ու քննիչների միահամուռ պատասխանը, որ գիտեն ով է, բայց փաստեր չունենալու պատճառով, չեն կարող առաջ գնալ (չնայած, որ լրիվ ապշում ես, մի՞թե էս լեն ու բոլ աշխարհում, էս հզոր տեխնիկայի ու հնարավորությունների դարում անհնար է նմանատիպ բաներ բացահայտել)։

Հիմա ուզում եմ հասկանալ չկա մի բան,մի մեխանիզմ, մի օրենք, որ կօգնի մեր անճար ոստիկաններին գործին ընթացք տալ, չգիտեմ, թեկուզ ստի դետեկտոր նվիրենք։

Ես ուղղակի իմ և մնացած թալանված ընտանիքների անունից խնդրում եմ, որ ավելի խիստ մոտենաք բնակարանային գողությունների բացահայտմանը։ Թե չէ գողությունը գնալով դառնում է ակտուալ մասնագիտություն, որի կրողներն ավելի հզոր են, քան մեր ոստիկանները»։

Կիսվել նյութով