Մամուլ

«Տաշիր» ընկերությունների խումբը յուրահատուկ զբոսայգի նվիրեց Երևանի բնակիչներին

«Տաշիր» ընկերությունների խումբը յուրահատուկ զբոսայգի նվիրեց Երևանի բնակիչներին: Հունիսի 1-ին վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կայացավ Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրի բացման պաշտոնական բացումը: Տարածքի բարեկարգումն ամբողջությամբ իրականացրել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Զբոսահամալիրի վերակառուցման ընթացքում հաշվի են առնվել երևանցիների և հատկապես քաղաքի փոքրիկ բնակիչների ցանկությունները: Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ կապերի դեպարտամենտից:

Զբոսայգու վերանորոգումը և հանգստի նոր գոտու ստեղծումը մեծ իրադարձություն է քաղաքի բնակիչների համար. Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ 

նվեր զբոսայգի

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներ, հյուրեր:

Իր ելույթում Հայկ Մարությանը, շնորհակալություն հայտնելով Կարապետյան ընտանիքին, նշեց, որ նման նվերները թերևս լավագույն բանն են, որ հնարավոր է անել քաղաքի համար։ Քաղաքապետի խոսքով, պատահական չէ, որ այգու բացման համար ընտրվել է այս օրը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ «Վստահ եմ, որ այգին սիրված վայր կդառնա մեր երեխաների համար», – ասաց Հայկ Մարությանը։

նվեր զբոսայգի

Ըստ հաղորդագրության՝ «Նոր Երևան» համալիրի ընդհանուր տարածքը, որը զբաղեցնում է 20 000 քմ,  կանաչապատվել է: Զբոսայգում տնկվել են մոտ տասը հազար տնկիներ, այդ թվում՝ ծառեր, թփեր, ծաղիկներ և տարբեր տեսակի այլ բույսեր: Ամբողջ տարածքը հագեցած է տեսախցիկներով, ինչպես նաեւ լուսավորման ժամանակակից լուծումներով։

Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտական ուղեկցությամբ:

նվեր զբոսայգի

Մայրաքաղաքում նմանը չունեցող այս շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչև 90 մետր բարձրությամբ եւ բարդ տեխնիկական շոուներ և հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար համալիրի տարածքում բացվել են հանրային սննդի կետեր՝ սրճարան և ռեստորան:

Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015թ.: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։

Կիսվել նյութով