Մամուլ

Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իմ զբաղեցրած պաշտոնի մասով հայտարարություններ անի. Վիտալի Բալասանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է` Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան ։

-Պարոն Բալասանյան, Դուք հայտարարել եք, որ պետք է հարգեին ՀՀ երկու նախագահների առաջարկը՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ նման պաշտոնյան պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։ Արդյոք դուք ճի՞շտ եք համարում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին։

-Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իմ զբաղեցրած պաշտոնի մասով այդպիսի հայտարարություններ անի։ Վլադիմիրկարապետյանները թող զբաղվեն իրենց գործառույթներով։

-Ճի՞շտ եք համարում, որ ՀՀ իշխանություններին Արցախում շատ լավ դիմավորում եք, ձեռք եք սեղմում, իսկ հետո քննադատում նրանց։

-Բայց ի՞նչ ենք քննադատել։ Ես ասել եմ, որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս կոչ են արել միասնության, միակամության, համերաշխության, ապա պետք է հարգել այդ մարդկանց դիմումը։ Դա ի՞նչ ներքին կյանքին խառնվելու խնդիր է։

-Ամեն դեպքում դա դիտարկվեց որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին և կարծեք թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կա հակասություն։ Դուք կարծում եք, որ այդպիսի հակասություն չկա՞։

Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է գնահատական տա նախագահների հայտարարություններին կամ իմ հարցազրույցին։ Ես որպես քաղաքացի եմ գնահատական տվել։ Ես ասել եմ, որ պետք է հարգեին նախագահների դիմումը։ Հիմա եթե դիմեր Արցախի իշխանություններին նման խնդրանքով, որը, կրկնում եմ, չէր վերաբերում քրեական գործը կասեցնելուն, այլ վերաբերում էր նրան, որ այս տոնական միջոցառումներին մասնակցեն բոլոր այն ղեկավարները, որոնք ներդրում են ունեցել Արցախի Հանրապետության կայացման գործին։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ։

-Ձեզ հակադարձում են, որ  այն ժամանակ, երբ Քոչարյանն այդքան միլիարդներ ուներ և Արցախում ներդրումներ չէր անում, ինչո՞ւ այն ժամանակ կոչով չէիք դիմում և չէիք ասում, որ գար, մասնակցություն ունենար։

-Ես ուրիշների գումարները երբեք չեմ հաշվել, ես միշտ առաջնորդվում եմ նրանով, որ եթե մարդիկ ինչ-որ գումարներ են յուրացրել, և եթե իրավապահ մարմինները, դատարանը նման որոշում չի կայացրել, ես որտեղի՞ց իմանամ, թե Վիտալի Բալասանյանը կամ Ռոբերտ Քոչարյանը գումարներ են վաստակել և պետք է ներդրումներ կատարեին հայաստանի կամ Արցախի տարածքում։

-Սակայն Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ինքն է ասում, Հայաստանի 200 ամենահարուստների մեջ է մտնում։

-Ես առաջնորդվում եմ պաշտոնական, պետական հայտարարություններով։ Եթե լրատվամիջոցներն են գրում, կամ որևէ կազմակերպություն է հայտարարում, կամ ինչպես վերջերս են ասում, օդում կախված լուրեր կան, ես դրանցով չեմ առաջնորդվում։

-Նշվում է նաև, որ երբ մարտի 1-ին Արցախի զինված ուժերը գալիս էին Հայաստան, Արցախի իշխանությունների կողմից դա պետք է կանխվեր։

-Ես տեղյակ չեմ, որ Արցախի զինված ուժերը մասնակցել են Մարտի 1-ին։ Երբ դատարանի վճիռը կլինի, պարզ կլինի, թե այդ մասնակցությունն ինչքանով է եղել, դրանից հետո կարող եմիմ գնահատականը տալ։ Մարտի 1-ի ժամանակ ես չեմ զբաղեցրել այնպիսի պաշտոն, որը կարող էր առնչվել Արցախից զորքերի տեղափոխմանը Հայաստան։ Եթե մասնակցել են, ապա ՀՔԾ-ի վարույթում է գործը, պետք է բացահայտեն, թե ինչ մասնակցություն են ունեցել, և դա հետագայում ինչ հետևանքներ է ունեցել։

Ձեր կարծիքով կա՞ կարծիքների տարբերություն կամ խզում ՀՀ ներկա իշխանությունների և Արցախի իշխանությունների միջև՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում էին տոնական միջոցառումներին։

-Որևէ խզում չկա։ Այն մարդիկ դրա մասին պաշտոնական կամ ոչ պաշտոնական լուրեր են տարածում, ցանկալի կլիներ նման լուրերից ձեռնպահ մնալ և այդպիսի հայտարարություններ չանեին։ Կա Հայաստան և կա Արցախ, ու մենք մեր աշխատանքները կատարում ենք պաշտոնական մակարդակում։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով