Մամուլ

Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը

Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Ինչպես տեղեկացրին  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶել», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶել»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:

Քննությամբ պարզվել է հայտնաբերված դիերից հինգի ինքնությունը, իսկ մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Պարզվել էին նաև «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների, ինչպես նաև՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայում վթարի պահին գտնված թվով չորս անձանց ինքնությունը: Ավտովթարի մասնակից «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորը և դեպքի պահին ավտոմեքենայում գտնված ևս մեկ անձ վնասվածքներ չեն ստացել:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կիսվել նյութով