Մամուլ

«Վեոլիա Ջուր» կազմակերպությունը Երևանյան ցայտաղբյուրների վրա փականներ կդնի

Երևանում գործող հարյուր ցայտաղբյուրի վրա փականային համակարգ կտեղադրվի։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։

Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»։

Կիսվել նյութով