Աշխարհ

Վենեսուելական բանտում հրդեհի զոհ է դարձել 68 մարդ «Առավոտ»

Ինչպես գրում է aravot.am-ը Վենեսուելայի Վալեսիա քաղաքում ոստիկանական բաժանմունքին կից ժամանակավոր պահման մեկուսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 68 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Զոհերի մեծ մասը բանտարկյալներ են, բացի այդ, մահացել են 2 կին, որոնք այցելության էին գնացել դատապարտյալներին: Զոհվածների մի մասը ողջ-ողջ այրվել է, մյուսները խեղդվել են ծխից: Կատարվածի հանգամանքները մինչ այժմ պաշտոնապես չի հաղորդվում: Տեղի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բանտարկյալներից մեկը ատրճանակով կրակել է ոստիկանի ոտքին:

Դրանից հետո խցերում հրկիզվել են ներքնակները, և կրակն արագորեն տարածվել է: Մարդկանց այրվող շենքից դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել քանդել պատերը: Դեպքի մասին իմանալուց հետո բանտարկյալների հարազատները հավաքվել են հաստատության մոտ և փորձել ներխուժել այրվող շենք: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար այն բանից հետո, երբ իրենց վրա քարեր են նետել:

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Կիսվել նյութով