Մամուլ

Վարորդական իրավունք ստանալու համար նախատեսվել է պարտադիր ուսուցում. նոր օրենսդրական փաթեթ

Վարորդական իրավունք ստանալու համար նախատեսվել է պարտադիր ուսուցում. նոր օրենսդրական փաթեթ:

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքի շրջանակներում կկակոնակարգվի վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով ուսուցում իրականացնող կազմակերպությունների գործունեությունը, կամրապնդվի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը և կապահովվի վարչարարության պարզեցումը:

Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգ, վարորդական իրավունքի «C» կատեգորիայի համար նախատեսելով պարտադիր ուսուցում: Բացի այդ հստակ սահմանվում է, թե որ դեպքերում են վարորդի թեկնածուներն անցնում բժշկական հավատարմագրում: Մասնավորապես՝ A և B կարգերի, ինչպես նաև A1 և B1 ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարրդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում: C, D, T, CE և DE կարգերի, և C1E, D1E ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում անցնում են առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները:

Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը: Էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուի կողմից համաձայնություն չտալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է:

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունները վճարովի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, սակայն նրանք գտնվում են պետական վերահսկողությունից, այդ թվում՝ հարկային մարմինների տեսադաշտից դուրս:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխությունը պայմանավորված է բեռնատար տրանսպորտային միջոցների վարման առավել բարձր պատասխանատվության և պատրաստականության հետ, ինչպես նաև մի շարք երկրների օրինակով (ՌԴ, Ուկրաինա, Գերմանիա և այլն):

Ներկայումս բեռնատար տրանսպորտային միջոցների C կատեգորիայի վարման իրավունքի վկայական ստանալու համար ուսուցում չի պահանջվում, ավելին, այդ նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում կարող են դիմել նաև ինքնուս անձինք:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը պայմանավորված է վարչարարության պարզեցման, քաղաքացիներին անհարկի անհարմարություններ չպատճառելու անհրաժեշտությամբ:

Աղբյուր՝ iravaban.net

Կիսվել նյութով