Շոու-բիզնես

Վառ հուշեր. բուդը, անցորդները, օղին ու Արթուր Հակոբյանը

Armlur.am-ը գրում է․

«Նոր տարվա հրաշքին սպասում եմ, հավատում եմ, որ այն իր հետ բերելու է երազանքների իրականացում, սպասումների արդարացում: Որքան մեծանում եմ, այնքան ռեալիստ եմ դառնում, բայց չեմ դադարում հավատալ հրաշքին: Ձմեռ պապիկից բան չեմ խնդրում. մենք ինքներս պետք է կատարենք մեր առջեւ դրած նպատակները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Արթուր Հակոբյանը` այնուամենայնիվ, երեխաներին հորդորելով անպայման նամակներ գրել Ձմեռ պապիկին:

Մենք հարցրինք՝ որն է եղել նրա կյանքի ամենատպավորիչ եւ հիշարժան Ամանորը. «Հիշում եմ՝ տարիներ առաջ երջանկահիշատակ մորս ասացի, որ բդի հարցը ես եմ լուծելու, ինքս եմ տանելու փուռ ու բերելու տուն: Իմ հարազատ Գյումրիում էինք, աննախադեպ չափով ձյուն էր եկել, հունվարի 1-ն էր, ես իմ մեքենայով շտապ գնացի փուռ բուդը բերելու:

Ինձ ճանաչելով՝ հերթս առաջ էին գցել, ուրախ-ուրախ բուդը վերցրի ու զանգեցի ամենամոտ ընկերոջս, ասացի երկու բաժակ, օղի ու լավաշ վերցրու ու դուրս արի, դրսում քեզ եմ սպասում: Զարմացավ, որ տոնական օրով դուրս եմ հրավիրում, եկավ, տեսավ բուդը հանել եմ, դրել եմ մեքենայիս ու իրեն եմ սպասում: Այդպես հենց դրսում անցնող-դարձողի հետ խմում էինք ու ճաշակում անմահական բուդը: Իսկ երբ արդեն տուն էի գնում, որ բուդը տանեմ, 20 գրամ բան էր մնացել (ծիծաղում է):

Հենց դա էր իմ ամենահիշարժան Ամանորը, իսկապես, երբեք չեմ մոռանա», -պատմեց դերասանը: Հարցին, թե որն էր 2018 թվականի ամենամեծ ձեռքբերումը, ինչ տվեց իրեն շան տարին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Անչափ ուրախ եմ, որ այս տարի ընդգրկվեցի մի նախագծում, որի մեկնարկը 2017-ին էր տրվել: Խոսքը «Անուղղելիների» մասին է: Իսկապես մեծ ձեռքբերում է աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ: Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, պետք է առանձնացնեմ դստերս պսակադրությունը: Դա ինձ համար հեքիաթի էր նման: Հիմա արդեն սպասում եմ որդուս հարսանիքին: Տա աստված, այդ հեքիաթն այցելի բոլորի տներ»:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով