ԱշխարհՄշակույթ

Վաշինգտոնում առաջին անգամ ցուցադրվեց Տաթևի վանական համալիրի մանրակերտը

Վաշինգտոնում առաջին անգամ ցուցադրվեց Տաթևի վանական համալիրի մանրակերտը

Մարտի 7-ին Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց Տաթևի վանական համալիրի մանրակերտը և Տաթևի թանգարանային հատվածում գտնվող 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը:

Ցուցանմուշները թանգարանին նվիրաբերել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ՝ «Տաթևեր» ճոպանողու  կառուցման և «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկի 10-ամյակին ընդառաջ: 

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է Հայաստանի 9-րդ դարի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը հանդիսացող Տաթևի վանական համալիրի վերականգնումը:

Մշակութային ժառանգության պահպանումը IDeA հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է, որի մասին են վկայում հիմնադրամի 150-ից ավելի ծրագրերը՝ միտված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը Հայաստանում և հայկական աշխարհում:

Նվիրաբերված գործերը կդառնան Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում Տաթևի վանական համալիրը ներկայացնող մշտական ցուցանմուշներ։

Դրանք  ներկայացված են լինելու նաև ««Աստվածաշունչ». Հայաստանը եւ Սուրբ Գիրքը» խորագրով մեծ ցուցահանդեսին՝ 2021 թ. սեպտեմբերից մինչեւ 2022 թ. մարտ ամիսը: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիր: 

«Տաթևի վանական համալիրն ունենալու է առանձնահատուկ դեր ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը»  խորագրով ցուցահանդեսին: Հուսով ենք՝ ցուցահանդեսի այցելուները կոգեշնչվեն և ցանկություն կհայտնեն այցելելու տեսարժան վայրերով հարուստ պատմական Տաթև:

Սա կլինի առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը Հայաստանի և Աստվածաշնչի մասին, որն առանձնահատուկ կերպով կշեշտադրի ամերիկահայերի և սփյուռքի կապը Սուրբ Գրքի հետ:

Այն կլինի նաև մինչ օրս տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ցուցահանդեսը Հայաստանի մասին և կներառի բազմաթիվ արտեֆակտներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել արտերկրում»,- ասաց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համադրող Ջեֆրի Քլոհան: 

Տաթևի վանական համալիրի մանրակերտը

Այցելուները կծանոթանան հայերեն Աստվածաշնչին, հայ եկեղեցու պատմությանը, ծիսակատարություններին և պատարագին,  հայոց լեզվին և այբուբենին, հայ եկեղեցական արվեստին և մշակութային ժառանգությանը, Հայոց ցեղասպանության, հայերի ազգային ինքնության վերականգնման և վերածննդի պատմությանը՝  անբաժանելիորեն կապված Աստվածաշնչի հետ:

Ցուցահանդեսը կանդրադառնա նաև աստվածաշնչյան թեմաներից մեկին՝ «Ջրհեղեղից հետո. մարդկությանը տրված երկրորդ հնարավորությանը» և Նոյյան տապանի պատմությանը բիբլիական Արարատ լեռան վրա: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallengе համաշխարհային շարժման հիմքում նույնպես Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը:

Ինչպես ժամանակին Հայոց ցեղապանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, #AraratChallenge նախաձեռնությունը կոչ է անում համատեղ ջանքերով այսօր էլ երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

Վաշինգտոնում կայանալիք ցուցահանդեսը ներկայացնելու է հայերին, աշխարհին և ամբողջ մարդկությանը տրված երկրորդ հնարավորության խորհուրդը:  

Կիսվել նյութով