ՄամուլՍպորտ

Վանեցյանը տղամարդու խոսք էր տվել, ամեն տառի համար պետք է պատասխան տրվի. Խորեն Հովհաննիսյան

Վանեցյանը տղամարդու խոսք էր տվել, ամեն տառի համար պետք է պատասխան տրվի: Ինչպես հայտնի է, Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստներից՝ Խորեն Հովհաննիսյանը առաջադրելու է իր թեկնածությունը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան ֆուտբոլի ներկայիս վիճակին, Խորեն Հովհաննիսյանը հետևյալ գնահատականը տվեց․ «Կարծում եմ՝ բոլորին պարզ է, թե ինչ վիճակում է ֆուտբոլը, պարզ երևում է։ Ես երկար ժամանակ է ֆուտբոլի մեջ եմ ու ինձ համար շատ ցավալի է այսօրվա մեր ֆուտբոլի վիճակը։ Եթե ես գործ չունենայի անելու, չէի դնի իմ թեկնածությունը, թող իրենք շարունակեին աշխատել, ֆուտբոլը ոնց կար, էդպես մնար։ 

Գալիս ենք փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք ունենանք լավ ֆուտբոլ, որովհետև մենք ֆուտբոլային երկիր ենք և լավ հաջողություններ ենք ունեցել։ Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ են արել, ես նայում եմ, թե վաղը ինչպես պետք է լինի», – ասաց Հովհաննիսյանը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հեղաշրջում է պատրաստվում անել ֆուտբոլային ոլորտում, որ այդպես էլ չհաջողվեց ՀՖՖ նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանին ու Արթուր Վանեցյանին՝ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Անընդհատ զուգահեռներ եք տանում։ Փաստը մնում է այն, որ մեր ֆուտբոլն առաջ չգնաց։ Եթե մի գործ ես անում, առաջ չի գնում, տեղում էլ չի մնում, ընդհակառակը, հետ է գնում, ինչի՞ մասին է խոսքը։ Վանեցյանն իր ղեկավար եղած ընթացքում վերջին 2 ամիսն էր ուզում զբաղվել ֆուտբոլով, բայց ինքն այդքան արագ չէր կարող իմանալ՝ ինչ է կատարվում։

Իր տեղակալներն աշխատել են, ինքն ուղղակի եկել, մակագրել, գնացել է։ Իսկ, երբ մտավ ֆուտբոլի մեջ, տեսավ՝ ինչ է կատարվում, 2  ամիս չդիմացավ։ Ես կողմ չէի, որ ոչ կոմպետենտ մարդը մնար: Գալուց էլ պետք է խոստումներ չտան, թե սա կանենք, նա կանենք։ Վանեցյանը տղամարդու խոսք էր տվել, որ էստեղ ենք կրելու, էնտեղ ենք կրելու, բայց ինքը ֆուտբոլը լավ չգիտի, ամեն տառի համար պետք է  պատասխան տրվի»,- նկատեց նա:

Հարցին՝ եթե այնպես ստացվի, որ ինքը ընտրվի ՀՀՖ նախագահ, ի՞նչ ճակատագիր է սպասվում վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Աբրահամ Խաշմանյանին, քանի որ նրա նշանակումն էլ հալած յուղի պես չընդունվեց, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե բոլորը, գործկոմը որոշի, որ պետք է մնա, աշխատի, ուրեմն կմնա։ Բայց ես կարծում եմ, նախևառաջ Գյուլբուդաղյանցի հրաժարականը պետք է չընդունվեր, որովհետև, ընդամենը, 2 խաղ էր մնացել»,- ասաց նա։ 

Զրույցի ընթացքում շարունակ պնդում էինք նշել ներկայացվելիք ծրագրում ներառված կետերից գոնե մեկը, սակայն Խորեն Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ հիշել իր գրած ծրագրից գոնե մի կետ. «Ես ծրագիր ունեմ, որն առաջիկայում կներկայացնեմ։ Մեկ քայլ առաջ պետք է անենք, որ մեր ֆուտբոլը զարգացնենք։ Ամենակարևորը՝ պատահական մարդիկ չպետք է լինեն ֆուտբոլում։ Չակերտները չբացենք»։

Հովհաննիսյանին վրդովվեցրեց մեր դիտարկումը, թե սպասում է ծրագիրը գրեն տա՞ն, որպեսզի կարողանա գոնե մեկ քայլ մատնանշել․ «Ո՞վ գրի տա, դե կներեք, ես ոչ էն մյուսն եմ, ոչ էն մյուսն եմ, ինձ ծրագիր գրեն տան։ Ես անգիր գիտեմ իմ ծրագիրը։ Ասեմ ձեզ, ինձ ծրագիր գրող չկա։ Եթե որևիցե մեկին գրում, տալիս են, էդ թեման ինձ մոտ չկա, իմ ծրագիրն իմ գլխիս, ուղեղիս մեջ է»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց նոյեմբերի 21-ին: Իսկ Գործադիր կոմիտեի կազմը կլուծարվի դեկտեմբերի 23-ին։ Նրա հրաժարականին նախորդել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ 1:9 հաշվով պարտությունը Իտալիայի ընտրանուց՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում:

Աղբյուր՝ lurer.com

Կիսվել նյութով