Մամուլ

Վանաձորում կանգնեցվել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի արձանը. Տեսանյութ

Վանաձորում արդեն մի քանի օր է կանգնեցվել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի արձանը: Տեղադրման հեղինակը վանաձորցի բելգիահայ գործարար Աշոտ Վարդանյանն է, ով արդեն 24 տարի է ընտանիքով ապրում է Բելգիայում. «Փոքր բիզնես ունեմ այնտեղ, իսկ հիմա թոշակառու եմ»,- ասաց նա:

Armtimes.com-ի հետ զրույցում պարոն Վարդանյանը համեստորեն չցանկացավ զրուցել, նշելով, որ չարժե ո՛չ իր անունը հրապարակել, ո՛չ էլ որևէ բան, այնուհետ արդեն, տեղի տալով մեր խնդրանքներին՝ համաձայնեց. «Արձանի տեղադրման միտքն առաջացավ անցած տարի, երբ խոսակցություններ ու վիճաբանություններ եղան «Հաց բերողի» թաղման տեղի ու եկեղեցում մարմինը դնել-չդնելու հետ կապված, նպատակ դրեցի, որ արձանը պետք է տեղադրեմ ես»,- ասաց նա:

«Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլի 8-ից՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով: Տարածքը, որտեղ տեղադրվել է արձանը, նախորդ տարի սեփական միջոցներով բարեկարգվել է, երեխաների համար խաղահրապարակ կառուցել, տեղադրել ծնողներին նվիրված հուշաղբյուր: Ասում է՝ որևէ խնդիր չի եղել տարածքի հետ կապված տեղական իշխանությունների հետ, իսկ կոնկրետ «Հաց բերողի» արձանը տեղադրելուց հետո է միայն տեղյակ պահել համայնքի ղեկավարին:

Թաղամասի բնակիչները մեծ հարգանքով են ընդունել Արթուր Սարգսյանի արձանի տեղադրման փաստը: Մեզ հետ զրույցում թաղամասի բնակիչները շնորհակալություն էին հայտնում Աշոտին՝ գաղափարի ու դրա իրականացման համար:

Ծննդով վանաձորցի, բայց տարիներ շարունակ Բելգիայում բնակվող ու բիզնեսով զբաղվող Աշոտն ասում է, որ երբ սկսեց արձանի տեղադրման աշխատանքները, Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել իր քայլը, նման ընթացքի, ինչպես շատերը, այնպես էլ Աշոտը չէր սպասում, ասում է՝ այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատմության մեջ է գրվելու. «Ես որոշել էի, ինչ էլ լիներ՝ տեղադրելու էի արձանը: Բելգիայում իմ մտերիմ ընկերներն ինձ հորդորում էին չտեղադրել, ասում էին՝ «Հետևիցդ կընկնեն, գլխիդ գործ կսարքեն», բայց չտեղադրել Արթուր Սարգսյանի արձանը՝ չէր կարելի»,- ասաց նա:

Անդրադառնալով «Թավշյա հեղափոխությանն» ու նոր Հայաստանին, Աշոտ Վարդանյանն ասաց, որ եթե տարիներ առաջ ինքն իրեն Հայաստանում միայն հյուրի կարգավիճակում էր տեսնում, ապա այսօր արդեն մտածում է Հայաստանում հետագայում բնակություն հաստատելու մասին. «Իմ ընկերներից շատերն են արդեն ցանկություն հայտնել գալ Հայաստան, բնակվել ու գործ սկսել…մարդիկ ոնց որ կպած լինեն արդեն Հայաստանին, ամեն մեկը մի ծրագիր է կազմում արդեն…»:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով