Մամուլ

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Գյումրեցի Ժիրայր Գալստյանը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում երեկ մամուլի ասուլիս է հրավիրել եւ պատմել ժամկետային զինծառայության ժամանակ իր հետ կատարված դեպքերի մասին: 90-ականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին Գալստյանը մինչ այս լռել է: Ասում է՝ ժամանակին ասել են՝ պետական գաղտնիք է, պետք չէ խոսել այդ մասին:

«Բայց հիմա պարոն Փաշինյանը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել բանակում եւ ինչ է տեղի ունենում հիմա: Արցախյան պատերազմից հետո ես եղել եմ պարտադիր ժամկետային զինծառայող, բանակ զորակոչվելուս օրը տատիկս, ով ինձ պահել, մեծացրել է, ինֆարկտ ստացավ: Ես խնդրեցի բոլոր հրամանատարներին, որ թույլ տան, գնամ տատիկիս տեսնելու. քանի չի մահացել: Ասեցին՝ իրավասու չեն, որ թույլ տան: 1 տարի անց մահացավ տատս:

Այդ ժամանակ էլ ես դիմեցի ու խնդրեցի, որ ինձ թույլ տան գնամ, գոնե թաղմանը մասնակցեմ: Էլի թույլ չտվեցին: Երբ շուռ եկա, որ գնամ շարք կանգնեմ, բարձրաստիճան սպան կանգնեցրեց, ասաց՝ մի հատ թուրք բեր, քեզ օտպուսկ կտամ: Ես գիտակցեցի, որ այդ սպան իրավունք չուներ այդ անհնարին հրամանը տալու, բայց քանի որ դա ինձ օդ ու ջրի պես պետք էր եւ արդեն պատվի հարց էր, որոշեցի գնալ այդ քայլին: Դա տուն գնալու միակ ճանապարհն էր»,- պատմեց  Գալստյանը:

Գալստյանը, իր պատմելով, առանց հաշվի առնելու հրամանատարների եւ սերժանտների զգուշացումներն ու զորամասից չհեռանալու հրամանները, գնացել է դեպի ադրբեջանական N դիրքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով մեկ թուրքի սահմանն անց կացնել եւ բերել:

«Այն տարածությունը, որն անցնելու էի, 800 մետրից պակաս չէր, հասել, մտել եմ թշնամու հենակետ, լսել եմ տուռնիկի տակ նստած փայտ կոտորողի ձայնը: Որոշեցի հենց նրան էլ տանել: Մոտեցա, որ գլխին խփեմ եւ ինձ հետ քարշ տալով սահմանից այս կողմ բերեմ, հետեւումս ոտնաձայն լսեցի: Հետ եկա ադրբեջանական խրամատաբջիջ, եւ 3 մետրի վրա դուրս ելա ու կանգնեցի, հակառակորդին, ասեցի՝ «ռուկի վվեռխ»:

Նա ձեռքը տարավ ավտոմատին, ես կրակ արձակեցի, խփեցի փայտ ջարդողին, խփեցի պոստավոյին, բլինդաժից 3 հոգի դուրս վազեցին, խփեցի նաեւ նրանց:  Ու սկսվեց մի ահռելի իրարանցում, ձայներ էին, ես չէի հասկանում՝ ինչ են ասում, որովհետեւ դա թուրք զինվորների ձայներն էին: Մոտ 5 րոպե այդ պոստում ոչ մի շարժ չկար, 5 րոպեից սկսվեց աջ կողմից հարձակում իմ վրա: Ես սկսեցի կրակել եւ թույլ չտվեցի, որ ինձ մոտենան: Կրակ բացեցի եւ կանգնեցրի նրանց: 1.5-ից 2 ժամ ոչ մի ձայն չկար, բայց իրանց մոտ խուճապ էր:

Հետո նոր ուժեր եկան: 5 բեռնատար եւ 2-ից 3 ՈւԱԶ  մեքենա: Տեսնելով, որ նրանք մոտենում են իմ գրաված դիրքին, 1 կմ-ի վրա կանգնեցրել եմ նրանց: 7 փամփշտակալով եմ մարտը վարել: Ադրբեջանական դիրքում 4 ժամ մենակ դիմացել եմ: Տեսա, որ օգնության չեն գա, ստիպված նահանջել եմ»,- պատմեց Ժիրայրը: Ըստ նրա, նահանջից անմիջապես հետո իրեն հրամանատարական կազմը պատժել է, ասաց «գաուբախտ տարան»:

Գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանն էլ էր ընդեղ: Հարցրեցի՝ ինչո՞ւ ինձ օգնության չեկաք, ասաց՝ մենք գիտեինք՝ խփվել ես: Եվ Սեյրան Օհանյանը ինձ պատմեց, թե ինչպես են սպաները դավաճանել զինվորին եւ ասել են, որ զինվորը ոչ թե գնացել է մարդ բերելու կամ դիվերսիայի, այլ զինվորը լքել է իր հենակետը՝ թշնամուն հանձնվելու համար: Եւ Օհայնանն ասաց, որ ինքը հրահանգ է տվել՝ խփել զինվորին: Բայց քանի որ ես արդեն մարտի եմ բռնված եղել, չեն հասցրել, ուշ է եղել»:

Այդ ժամանակ, ըստ Ժիրայր Գալստյանի, իրեն ասել են, որ ԼՂՀ հերոս է, Սեյրան Օհանյանն էլ, Գալստյանի պատմելով, ասել է, թե «այս դեպքը պետական գաղտնիք է, ես ԼՂՀ հերոս եմ, ինչ-որ ես եմ կատարել, հայոց բանակի զինվորներից ոչ մեկին չի հաջողվել, որ զինվորը մենակ մարտնչի իրեն գերազանցող հարյուրավոր զինվորների դեմ: Դուք գիտեք՝ Հայաստանում կան հետախուզական ջոկատներ, հանկարծ ձեր տունը պաժառ չընկնի, ավտովթար չեղնի, Ձեր մեդալը կա, Ձեր գործողությունը կա, դուք ԼՂՀ հերոս եք, 10 տարի հետո այդ ամենը կստանաք»:

Դեպքից 10 տարի անց, 2015-ին, Գալստյանը դիմել է Բակո Սահակյանին՝ մեդալի համար եւ պարգեւատրվել «Մարտական ծառայության» մեդալով ընդամենը: «Հարցում եմ արել՝ ինչի համար է էս մեդալը, ասել են՝ ԼՂՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ սահմանին ունեցած Ձեր աջակցության համար:

ՊԲ-ից ստացել եմ պատասխան, որ չունեն տեղեկություն, թե տարիներ առաջ սահմանին ինչ է կատարվել, չկա գրավոր տեղեկություն, այսինքն՝ ամեն ինչ կասկածի տակ է դրվում, այսինքն՝ իրականությունը կեղծվել է, եւ ես ոչ թե հերոս եմ ներկայացվել, այլ չգիտեմ ինչ, դասալիք: Այսինքն, ամեն ինչ սպային, եւ ոչինչ՝ զինվորին: Հիմա խնդրում եմ բոլորից՝ նշանակել հետաքննություն, եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ իմ պատիժս օրենքով սահմանված կարգով կրելու, իսկ եթե ոչ՝ մնացածը թողնում եմ գերագույն գլխավոր հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի, կամ պատկան մարմինների հայեցողությանը»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Ժիրայր Գալստյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով