Մամուլ

Սինգապուրի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ

Սինգապուրի վարչապետի ՝ Լի Սյեն Լունի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, տիկին Աննա Հակոյան, տիկնայք և պարոնայք, 

Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: Ուրախ եմ մեր երկիր կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի համար: Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում:

Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Հայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է. «Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։ Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում»: 

Կիսվել նյութով