Մամուլ

Սա մեր պետության ամոթն է․ հայկական բանակի սպան օգնություն է աղերսում հարուստներից՝ իր երեխաների բուժման համար․ Տեսանյութ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ցնցված եմ: Սա մեր պետության և հասարակության ամոթն է, երբ հայկական բանակի սպան օգնություն է աղերսում հարուստներից՝ իր երեխաների բուժման համար կատարված ծախսերը և այդ նպատակով վերցված վարկերը փակելու համար:

Ողբերգությունն այն է, որ այս սպայի կարգավիճակում կան բազմաթիվ այլ սպաներ, ովքեր ունեն տարբեր ընտանեկան խնդիրներ:

Եթե պատասխանատվության ենթարկված լինեին ՛՛սերմացու գողացող մկների նման՛՛ բանակը թալանածները և այդ գումարները հետ վերադարձված լինեին, եթե պետությունը կատարեր իր բոլոր պարտականությունները սպայական կազմի նկատմամբ, մենք այսօր այսպիսի ողբերգական դեպքերի չէինք հանդիպի:
Ինձ համար առավել տարակուսելի է, որ սպան իր երեխաների բուժման համար ահռելի գումարներ է ծախսում:

«՛Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

Ինչու՞ պետք է զինված ուժերի սպան հայտնված լիներ այս վիճակում:
Ո՞վ պետք է պատասխան տա բարոյական այսպիսի անկման համար և մինչև ե՞րբ հայոց բանակի սպան պետք է մնա իր խնդիրների հետ միայնակ:

Երիցս համոզվում եմ, որ քանի լռում ես, քանի հանդուրժում ես այսպիսի բարձիթողի մթնոլորտն ու իրավիճակը, մարդիկ իրենց ավելի անպատասխանատու են զգում: Սթափվե՛ք ու լուծե՛ք այս խնդիրները, ինչպես ուզում եք․․․»։

Կիսվել նյութով