ՄամուլՔաղաքականություն

Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ՝ չգիտեմ, բախում եղե՞լ է՝ ոչ, մանդատը վա՞յր է դնելու՝ ունեմ զրո տեղեկություն. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պնդում է՝ տեղեկություն չունի, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստվում է մանդատը վայր դնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ իսկապե՞ս Սասուն Միքայելյանը պատրաստվում է մանդատը վայր դնել, և ի՞նչ հարաբերություններ են նրա հետ ՔՊ-ում:

Միրզոյանը հերքեց, որ իր և Սասուն Միքայելյանի հարաբերությունները սրվել են:

«Չկա այդպիսի բան: Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ՝ չգիտեմ, բախում եղե՞լ է՝ ոչ, իմ հարաբերությունները սրվա՞ծ են նրա հետ՝ ոչ, պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել, թե՞ ոչ՝ բացարձակապես ես 0 տեղեկություն ունեմ այդ մասին»,- ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը՝ ՔՊ վարչության ընտրության ժամանակ Սասուն Միքայելյանի ելույթը բոյկոտեցին ու դուրս եկան, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դա բացարձակապես բոյկոտ չէր: 

«Դահլիճից այդ պահին դուրս եկողների մեջ բազմաթիվ էին այն մարդիկ, ում հետ Սասուն Միքայելյանը մոտ է: Ամենավառ երևակայության դեպքում շատ դժվար է, ճանաչելով այդ մարդկանց, սա մեկնաբանել որպես բոյկոտ: Շատ կենցաղային է, երբեմն ամեն ինչ լինում. մարդիկ շատ երկար ժամանակ նստած լսել էին և գուցե դուրս եկան ծխելու: Դա հարգանքի բացակայություն չէր և բոյկոտ որ հաստատ չէր»,- նշեց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում