Մամուլ

Սահմանապահ գյուղերում նորածիններին կտրամադվի 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ՝ մինչև 3 տարեկան դառնալը

Սահմանապահ գյուղերում նորածիններին կտրամադվի 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ՝ մինչև 3 տարեկան դառնալը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով գրառում։

«Շատ լավ լուր սահմանապահ՝ Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից, գյուղերի բնակիչների համար:

Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:

Եվ այսպես․․․ Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ գյուղերում ՝ Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող գյուղի գրանցում ունեցող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:

Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը: Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները: Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը:

Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը: Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»,- գրել է Բաբաջանյանը:

Կիսվել նյութով