Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերն հավաքի ու «սիկտիր» լինի տուն. Մովսես Հակոբյանի ցուցմունքը

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերն հավաքի ու «սիկտիր» լինի տուն. Մովսես Հակոբյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ կառավարության կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ցուցմունքը։

Առաջադրված հարցերի վերաբերյալ կասեմ, որ 2008թ․ փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության Միքայել Հարությունյանից կամ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանից տեղեկացել եմ, որ հաջորդ օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու խորհրդակցություն, և ինձ ասել են, որ տեղակալներից մեկի ու դիվիզիաների հրամանատարների հետ ներկայանամ խորհրդակցության։

Նույն գիշերը պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի, պաշտպանության բանակի 10-րդ դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի և 18-րդ դիվիզիայի հրամանատար Աղաջանյան Կամոյի հետ եկել ենք Երևան։

Փետրվարի 23-ին ժամը 11․00-ի սահմաններում ՀՀ Նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության։ Այն անց է կացրել ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին։

Այդ ժամանակ Երևանում հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնք կապված էին 2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում կայացած Նախագահական ընտրությունների հետ։

Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և նրան ասաց, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի։

Ռ․ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերն հավաքի ու «սիկտիր» լինի իր տուն։ Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից։

Ընդհանուր խորհրդակցության իմաստը, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներում։

Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ եմ գնացել, որտեղ Սեյրան Օհանյանից կամ Միքայել Հարությունյանից կամ էլ հենց երկուսից էլ տեղեկացել եմ, որ հրաման են պատրաստում, որ հայկական բանակի ողջ անձնակազմը բերվի զորանոցային վիճակի ու ինձ ասել են, որ վերադառնամ Ղարաբաղ, քանի որ հրաման են տալու, որպեսզի Ղարաբաղից զորք բերվի Երևան։

Ասացին, որ մինչև հասնեմ Ստեփանակերտ, հրամանը կուղարկեն։ Զինված ուժերի հրամանատարությունից տեղեկացրեցին, որ Ղարաբաղից զորքը բերվելու է Երևան, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը անկայուն է։

Իմ առաջ խնդիր է դրվել, որ ես ապահովեմ Ղարաբաղից զորքի՝ Երևան տեղափոխելու հարցը, իսկ տեղում զորքը մտնելու էր այլ ստորաբաժանման կազմի մեջ և ենթարկվեր նրա ղեկավարության հրամաններին։

Նույն օրը վերադարձել եմ Ստեփանակերտ, էլեկտրոնային նամակով ստացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, որի հիման վրա հրաման եմ ստորագրել պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումներից համահավաք գումարտակ կազմավորելու և Երևան քաղաք ուղարկելու մասին։

Հրամանի համարը չեմ հիշում, բայց այն տվել եմ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա։

Իմ կողմից տրված հրամանի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ կարողանային իրականացնել զորքի տեղաշարժը դեպի Երևան։ Համահավաք գումարտակի հրամանատար եմ նշանակել իմ տեղակալ Սամվել Կարապետյանին, որը մնացել էր Երևանում։

Համահավաք գումարտակը բաղկացած է եղել երեք վաշտերից, յուրաքանչյուրի կազմում՝ մոտ 90 զինծառայող։ Գումարտակի կազմում եղել է նաև մեկ զրահախումբ՝ համալրված ՀՄՄ-2-ի և Տ-72-ի հաշվարկներով, սակայն այդ անձնակազմը առանց տեխնիկայի է գնացել Երևան։

Որևէ մարտական մեքենա ԼՂՀ-ից Երևան չի տեղափոխվել։ Նշեմ, որ հրամանով նշանակվել է  համահավաք գումարտակի վարչություն, որի կազմը չեմ հիշում, այդ ամենը հստակ նշված է հրամանի մեջ։

2008թ․ փետրվարի 23-ին համահավաք գումարտակի անձնակազմը հավաքվել է Ստեփանակերտի հատուկ նշանակության ջոկատում, ես հանդիպել եմ անձնակազմին, անցկացրել հրահանգավորում, որի ժամանակ զինծառայողներին տեղեկացրել եմ, որ Երևան են մեկնում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների կապակցությամբ, որի շրջանակներում իրենց կտրվեն կոնկրետ խնդիրներ։

Քանի որ ես ինքս որևէ կոնկրետ խնդիր չէի ստացել, թե զորքը Երևանում ինչ պետք է անի, զինծառայողներին ասել եմ, որ պետք է տեղակայվեն Չարբախ թաղամասում գտնվող կենտրոնական հավաքակայանում։

Փետրվարի 23-ին ԼՂՀ-ի պաշտպանության բանակի անձնակազմից կազմված համահավաք գումարտակը դուրս է եկել Ստեփանակերտից և շարասյունով շարժվել Երևան։

Փետրվարի 24-ին՝ ժամը 11․00-ի սահմաններում, ինչպես որ նախատեսված է եղել հրամանով, զորքն ամբողջությմաբ եղել է կենտրոնական հավաքակայանում։ Նշեմ, որ զորքը Երևան է եկել մեկ ամբողջական լրակազմով, հրամանի համաձայն՝ տրամադրվել են նաև զրահաբաճկոններ, սաղավարտներ, յուրաքանչյուր դարակում ունեցել են մեկ արկղ ձեռքի նռնակ։

Տեղում զինծառայողներին ապահովվել են համապատասխան զորանոցներով, սննդով, բայց ես դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չունեմ։

Համահավաք գումարտակի հրամանատարը ենթարկվել է Յուրի Խաչատուրովին, որը թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի համաձայն՝ հանդիսանում էր կազմավորված զորքի հրամանատարը։

Յու․ Խաչատուրովն այդ ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալն էր, նաև հանդիսանում էր Երևանի կայազորի պետը։ Ես համահավաք գումարտակով գրեթե չեմ զբաղվել․ իմ գործունեությունը սահմանափակվել է զորքը Երևան ուղարկելով, դրանից հետո բոլոր հրամանները տրվել են Յու․ Խաչատուրովի կամ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից։

2008թ․ մարտի 1-ին տեղեկացել եմ, որ Երևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև, սակայն ինձ զեկուցել են, որ ԼՂՀ-ից Երևան գնացած համահավաք գումարտակից որևէ մեկը չի մասնակցել ժողովրդի հետ բախումներին, արտաքին ծառայություն փողոցներում չեն իրականացրել, այլ միայն մարտի 1-ին տեղափոխվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ սպասել են հետագա հրահանգների, սակայն առաջ անցնելով նշեմ, որ այդպես էլ պաշտպանության բանակի զորքին որևէ կոնկրետ խնդիր չեն առաջադրել։

2008թ․ մարտի 1-ին ՀՀ գլխավոր շտաբից հրահանգ եմ ստացել, որ անհրաժեշտ է համալրել համահավաք գումարտակի կազմը և ևս մեկ այլ հրաման եմ ստորագրել, որի համաձայն՝ կազմավորվել է ևս մեկ համահավաք գումարտակ, որի կազմում արդեն ընդգրկել եմ մոտ 500 զինծառայողներ։

Կարող եմ ասել, որ Երևան ենք ուղարկել տարբեր ստորաբաժանումներից կազմավորված ուժեր, հիշում եմ, որ ուղարկել ենք հետախուզական գումարտակն ամբողջությամբ։

Երկրորդ համահավաք գումարտակի հրամանատար եմ նշանակել իմ տեղակալ գեներալ մայոր Վարդան Բալայանին։ Նշեմ, որ հրամանի համաձայն 2-րդ համահավաք գումարտակը նույնպես անցել է Սամվել Կարապետյանի ենթակայության տակ, իսկ 1-ին համահավաք գումարտակի հրամանատար եմ նշանակել Կամո Աղաջանյանին։

2008թ․ մարտի 1-ի հրամանով նույնպես կազմավորվեց համահավաք գումարտակի վարչակազմ, որի կազմը նույնպես չեմ հիշում։ Այդ ժամանակ Երևանում իրավիճակը շատ խառն էր, այնուհետև երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։

Երկրորդ գումարտակը նույնպես Երևան է տեղափոխվել իր ամբողջական լրակազմով։ ԼՂՀ-ից Երևան տեղափոխված զինծառայողները ընդհանրապես արտաքին ծառայություն չեն իրականացրել, ժողովրդի հետ բախումների մասնակից չեն եղել, վիրավորներ չենք ունեցել։

Մարտի 1-ից հետո մինչև ապրիլի կեսերը ԼՂՀ-ից Երևան գնացած զորքի մի մասը մնացել է կառավարության շենքում, իսկ մյուս մասը՝ կենտրոնական հավաքակայանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով