Մամուլ

ՊՆ է հրավիրվել առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար օգնություն խնդրող կապիտանը

ՊՆ է հրավիրվել առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար օգնություն խնդրող կապիտանը։ Օրեր առաջ կապիտան Սերգեյ Համբարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր իր երկու որդիների առողջական խնդ րի, ընտանիքի ծանր սոցիալական դրության եւ միլիոնների հասնող վարկերի մասին:

ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատար կապիտան Համբարյանն օգնության խնդրանքով դիմել էր ՀՀ համապատասխան գերատեսչություններին, պաշտոնյաներին եւ բարերարներին:

Սերգեյ Համբարյանը Ստեփանավան քաղաքի բնակիչ է, ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Համբարյանը պատմեց, որ 7 եւ 4 տարեկան տղաների մոտ վաղաժամ սեռական հասունացում եւ հորմոնային խնդիրներ են: 7-ամյա Ալեքսանդրի եւ 4-ամյա Աշոտի բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Հայաստանում, պարզապես բավականին երկարատեւ պրոցես է: Մինչեւ չափահաս դառնալը տղաները պետք է պարտադիր բուժում ստանան:

Սերգեյ Համբարյանը հայտնեց, որ երկու երեխաների բուժման համար ամսական մոտ 200 հազար դրամ է ծախսում, եւ 700 հազար դրամ էլ վարկ վճարում: Կապիտանի աշխատավարձն այս պահին չի գերազանցում 235 հազար դրամը:

«Այս ընթացքում որոշ չափով եղբայրներս են օգնել, բայց հսկայական պարտքերի տակ եմ ընկել: Սրանից մի 12 տարի էլ պետք է, որպեսզի կարողանամ որդիներիս բուժումը շարունակել տալ: Պահանջվող դեղերը Հայաստանում շատ թանկ են, Վրաստանից եմ առնում: Մեծս 28 օրը մեկ սրսկվում է, ամենօրյա դեղեր օգտագործում, իսկ փոքրս օրը 6 կոճակ խմում»,-հայտնեց Համբարյանը, ասելով, որ երեխաներն ընդհանուր առմամբ լիարժեք կյանքով են ապրում, պարզապես եթե մեկ օր չօգտագործեն անհրաժեշտ դեղամիջոցները՝ ծանր հետեւանքներ կունենա: Դուստրը 6 տարեկան է, բարեբախտաբար որեւէ առողջական խնդիր չունի:

Կապիտան Համբարյանից հետաքրքրվեցինք, թե իր ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո  համապատասխան գրեատեսչություններից կամ այլ անձանցից արձագանք եղե՞լ է. պարզվեց՝ վերջինիս զանգահարել են պաշտպանության նախարարությունից, նաեւ քաղաքացիներ:

«Զանգել են նաեւ տարբեր քաղաքացիներ. այս մի քանի օրվա ընթացքում արդեն 150 հազար դրամ գումար է հավաքվել: Բոլորից էլ շատ գոհ եմ, կարող եմ ասել, որ հասարակ քաղաքացին ավելի շատ է մտահոգված իմ խնդրով քան համապատասխան մարմինները որոնց ես դիմել էի»,-ասաց նա:

Կապիտան Համբարյանը նշեց, որ մոտավորապես 4-ից 5 անգամ նախկինում դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, սակայն աջակցություն չի ստացել: «Բոլորի պատասխաններն էլ ունեմ. հայտնում են, որ ըստ օրենքի ոչինչ չեն կարող անել, բայց այդ օրենքն էլ հո իրենք են ստեղծել: Իրենք ուղղակի չեն ուզում խնդիրը լիարժեք հասկանալ եւ որեւէ աջակցություն տալ»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ իր տարածած տեսանյութում Համբարյանը հայտնել էր, որ երեխաների բուժման համար արդեն 15 միլիոն դրամ վարկ ունի եւ այլեւս ոչ մի ելք չի տեսնում: «Փառք աստծո, երեխաներիս կարողացել եմ պահել առ այսօր, բայց հիմա այնպիսի իրավիճակում եմ հայտնվել, որ այլընտրանք չունեմ: …Հայրս նույնպես՝ 27 տարի շարունակ ծառայել է զինվորական համակարգում. Ստեփանավանում ապրում եմ պետության կողմից հատկացված բնակարանում, որեւէ սեփականություն չունեմ: Կոչումով կապիտան եմ, ծառայության ընթացքում ստացել եմ բազմաթիվ պարգեւներ: Հայոց բանակի սպան չպիտի այս օրն ընկնի, հայոց բանակի սպան պիտի ուժ ու եռանդ ունենա, որպեսզի կարողանա հայրենիքը պահել, իսկ հայրենիքը սկսվում է տնից:

Ամեն ամիս իմ աշխատավարձից 1000 դրամ փոխանցում եմ զինվորականների ընտանիքներին. այսօր նույն կարգավիճակում ես եմ հայտնվել: Կներե՛ք ինձ, ժողովո՛ւրդ ջան, կեներե՛ք ինձ, կառավարությո՛ւն, կներե՛ք ինձ, Պաշտպանության նախարարությո՛ւն, բայց իրավիճակն այսօր այսպիսին է: Հարցը շատ խորքային է ու շատ ծանր: Ես չեմ խուսափում վարկերի մուծումներից, չեմ ուզում ինձ մուրացկանություն տաք: Ուզում եմ ինձ օգնեք, որ ոտքի կանգնեմ, որ ընտանիքս չկործանվի: Պարտադիր չէ, որ մարդ գնա իրեն մոստից գցի, հետո ասեն՝ մեզ որ դիմեր կանեինք, օգնեք հիմա, ես ձեր կարիքն ունեմ».- ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր նա:

Մեր զրույցում Համբարյանը նշեց, որ նախկինում էլ երկու անգամ դիմել է Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Տիգրան Սարգսյանին, բարերարներին, սակայն տեղյակ չէ, թե նրանց հասցեագրված նամակները տեղ հասել են, թե ոչ, քանի որ մինչեւ օրս պատասխան չի ստացել:

«Բարերարներից դեռ ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել: Ես չեմ կարող ասել, թե ինձ որքանով կաջակցեն: Դիմել եմ նաեւ վարչապետ Փաշինյանին, բայց գիտեմ, որ ինքը մենակ չի կարողանա ինձ ժամանակ տրամադրել եւ օգնել, ուղղակի նրա նշանակած պաշտոնյաները պետք է բարեխիղճ գտնվեն հեղափոխություն արած ժողովուրդի հանդեպ: Եղել են պաշտոնյաներ, ուղղակի հիմա անուններ տալ չեմ ուզում, որ զանգել եմ անգամ հեռախոսին նորմալ չեն պատասխանել, իբր շատ զբաղված են: Այդ նույն մարդիկ էին, որ ընտրություններից առաջ ասում էին՝ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք, ես չտեսա, որ մի անգամ մեր կողքին լինեին»,-ասաց Համբարյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում