Մամուլ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 64 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ. գործը դատախազությունում է

2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Հանցագործության մասին առերևույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը և ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերելի փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կիսվել նյութով