ԺամանցՇոու-բիզնես

«Չեմ ընդունում, երբ հայերը վարկով Նոր տարի են նշում ու ողջ տարի աշխատում են այդ գումարը վճարելու համար»․ Եվա Բաղդասարյան

Life.panorama.am-ը դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է տոներն անցկացրել, ինչ նվերներ է ստացել ու նվիրել, ինչպես նաև ինչ նպատակներ է դրել իր առաջ 2019-ին իրականացնելու համար։

«Ամանորն անցկացրել եմ ընտանիքիս հետ։ Դա կարծես անխախտ ավանդույթ լինի մեր ընտանիքում՝ պարտադիր նոր տարին դիմավորել միասին ու ամենակարևորը՝ տանը։ Իհարկե, վերջինի հետ ես այնքան էլ համաձայն չեմ. ամեն տարի մերոնց առաջրկում եմ փոխել տոները նշելու ավանդույթը և այն նշել քաղաքից կամ երկրից դուրս, բայց մերոնք չեն համաձայնում՝ նախընտրելով նշել հայկական ավանդական կերպով»,- ժպիտով պատմեց դերասանուհին։

Հայկական ավանդական ճոխ սեղաններին ևս Եվան մեծ նշանակություն չի տալիս, բայց նաև անկեղծորեն խոստովանեց՝ ծնողները չեն սիրում հետ մնալ նաև այդ ավանդույթից։

eva baghdasaryan1 2

«Չեմ ընդունում, երբ հայերը պարտքով կամ վարկով Նոր տարի են նշում, ու հետո ողջ տարի աշխատում են այդ գումարը վճարելու համար։ Ամեն մեկը պետք է իր հնարավորությունների սահմաններում նշի տոները՝ առանց մտածելու, թե որ հարևանից կամ բարեկամից հետ կմնա»,- նկատեց նա։

Նվերների հարցում Եվային այս տարի չեն զարմացրել. «Իհարկե, հաճելի նվերներ եղել են ընկերուհիներիս կողմից, ինքս էլ, կարծում եմ, գեղեցիկ նվերներ էի պատրաստել նրանց համար։ Ի դեպ՝ ես մինչ նվեր գնելը փորձում եմ խորամանկորեն իմանալ, թե նրանք ինչ են ուզում, որպեսզի պատրաստածս նվերը էլ ավելի հաճելի լինի»,- պատմեց Եվան, իսկ հարցին, թե ինչ նվերներ է սիրում ինքը ստանալ, պատասխանեց.

eva baghdasaryan1 1

«Ինձ ավելի հեշտ կլինի ասել, թե ինչ չեմ սիրում, իսկ չեմ սիրում ստանալ ծաղիկներ, քանի որ շատ ծանր եմ տանում, երբ դրանք թոշնում են։ Նախընտրում եմ ծաղիկներ ստանալ բույսերի տեսքով, որպեսզի ինքս դրանք խնամեմ։ Նաև չեմ սիրում, երբ ինձ օծանելիք են նվիրում՝ առանց ինձ հետ խորհրդակցելու։ Օծանելիքը շատ անձնական նվեր է՝ ըստ իս»։

Անդրադառնալով 2019-ից իր սպասելիքներին ու ծրագրերին, Եվա Բաղդասարյանը նշեց. «2018-ին ուզում էի բիզնես հիմնել գեղեցկության սրահի կամ նորաձևության կենտրոնի տեսքով, բայց չստացվեց։ Հիմա հույս ունեմ այդ նպատակս իրականացնել այս տարի։ Իհարկե, դերասանական արվեստը ևս ինձ համար շատ կարևոր է, հույս ունեմ տարին լավ ու հետաքրքր դերերով հարուստ կլինի։ Ինչ վերաբերում է անձնական կյանքի դասավորմանը, դա թողել եմ Աստծո կամեցողությանը։ Գիտեք, ես միշտ էլ ձգտել եմ, տառապել եմ, պայքարել եմ, սպասել եմ, բայց հասել եմ նպատակներիս, հույս ունեմ, որ այս տարի ևս կհասնեմ դրանց իրականացմանը»։

Կիսվել նյութով