ԱշխարհՄամուլ

Ուկրաինական լրատվամիջոցները Հայաստանը ներառել են հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում

Ուկրաինական Ukr.Media կայքը Հայաստանը ներառել է այն 7 երկրների ցուցակում, որտեղ կարելի է ոչ թանկ հանգստանալ 2019թ․ ամռանը՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար։ Զվարթնոցի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի ամրոցը, Էջմիածնի տաճարը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, Կաթողիկե (XIII դար) եւ Զորավար (XVII-XVIII դարեր) եկեղեցիները՝ ահա Հայաստանի տասնյակ հուշարձաններից ընդամենն առավել հայտնիները։

Երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սեւանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի վերջը, երբ ջուրը տաքանում է մինչեւ հաճելի ջերմաստիճան», – ասվում է հոդվածում։

Լրատվամիջոցը վերլուծում է ինքնաթիռի տոմսերի ու հյուրանոցներում ապրելու գները։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Հայաստանում ուտելիքը շատ սննդարար ու մատչելի է։ «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճանապարհորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է», – ասում են նրանք։

Ցուցակում ընդգրկված են նաեւ Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան եւ Վրաստանը։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը պատրաստել է Ուկրաինայի տարբեր մասերում գտնվող հայկական եկեղեցիների եւ պատմական շենքերի ցուցակը` երկիր այցելող զբոսաշրջիկներին առավելագույնս ներկայացման համար:

Կիսվել նյութով