Մամուլ

Ոստիկանները հայտնաբերել են «Արարատ-2»-ի դարպասապահի սպանության մեջ կասկածվողին

Ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 15-ին 1996 թվականին ծնված «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանության մեջ կասկածվողին։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։

Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ և արնանման հետքեր։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվեցին, և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողին օպերատիվ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային այլ ստորաբաժանումներ։ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ստացան, որ հետախուզվողը թաքնվում է Սևանում գտնվող հանգստյան գոտիներից մեկում։

Արդյունքում՝ մայիսի 23-ին հետախուզվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Երևան ու հանձնվեց հետախուզումը նախաձեռնած մարմնին։ Նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել նյութով