Մամուլ

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է:

27 տարի առաջ՝ 1992-ի այս օրը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Հայոց բանակն այսօր 27 տարեկան է։

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։

Հայոց բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։

Հայկական զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ.-ի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարեւորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները: Նաեւ նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը:

Կիսվել նյութով