Ժամանց

Շնորհավոր Սուրբ Սարգիս տոնը, սիրո և սիրահարների

Շնորհավոր Սուրբ Սարգիս տոնը, սիրո և սիրահարների

Սուրբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը՝ ուրբաթ երեկոյան, երջանկության ակնկալիքով երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Հավատում էին, որ այն ուտողը կծարավի, և ով որ երազում նրան ջուր տա` կլինի ապագա նշանածը: Եթե մատուցված ջրի բաժակը ոսկուց էր լինում ապագա ամուսինը շատ հարուստ էր լինելու,  եթե արծաթից` միջին ունեցվածքի տեր, եթե պղնձից կամ կավից` աղքատ:

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Կիսվել նյութով