Մամուլ

Շատ լավ լուր բոլոր զինվորների համար, և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողներին․․․

ՀՀ զինված ուժերում փոփոխություններ են իրականացվում սննդակարգում: Մեղրաբլիթ, թանապուր, լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով բուսական պահածոներ, հուլիսից- սեպտեմբեր ամիսներին վարունգ և լոլիկ.․․

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն ասաց, որ զինծառայողների սննդակարգում նորամուծություններ իրականացնում են ամեն տարի:

«Նոր ճաշատեսակների ու սննդատեսակների ավելացումներ են լինում՝ նպատակ ունենալով զինծառայողների ռացիոնում ավելի շատ ներդնել ազգային ուտեստներ: 2018 թվականին անձնակազմի սննդակարգում՝ առաջին գծում, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին պատրաստի վիճակում հատկացնում ենք թանապուր:

Ռեզերվային զորամասերում, որտեղ իրականացվում է անձնակազմի կերակրումը ճաշարանային պայմաններում, հատկացնում ենք մածուն՝ թանապուր պատրաստելու համար»,- նշեց գնդապետ Մարգարյանը: Նրա խոսքով, նոր ճաշատեսակներ կան նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի չափաքանակներում:

Արդեն իսկ հատկացվում է նոր՝ երեք տեսակի բուսական պահածո, որոնք լինելու են՝ լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով: Պարենային ծառայության պետն ընդգծեց, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները բավականին լավ են գնահատել այդ պահածոները և գոհ են մնացել: «Քաղցրավենիքի հատկացման հետ կապված նույնպես փոփոխություններ են եղել՝ ավելացվել է մեղրաբլիթ, 1 զինծառայողի հաշվարկով՝ 30 գրամ:

Հուլիսից-սեպտեմբեր ամիսներին, որպես սեզոնային բանջարեղեն, զորամասերին և առաջնագծին հատկացնում ենք լոլիկ և վարունգ՝ մեկ զինծառայողի հաշվարկով՝ օրական 40 գրամ: Պլանավորում ենք նաև սեպտեմբեր ամսին խնձոր հատկացնել»,- ասաց Արա Մարգարյանը: Նա հավելեց, որ անկախ զինծառայողի գտնվելու վայրից՝ բոլորի համար սահմանված է օրական սննդամթերքի չափաքանակ: Տարանջատվում են միայն առաջնագիծը և ստացիոնար պայմանները, այսինքն՝ ռեզերվային զորամասերը որպես ճաշարան:

«Առաջնագծի բոլոր զինծառայողների՝ սպաների, ենթասպաների, պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված է նույն սննդակարգը: Աառաջնագծի սննդակարգը բաղկացած է 7 տեսակի ձավարեղենային, մսաբուսական պահածոներից, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր տեսակի ձավարեղեններ՝ համակցված մսով: Կան նաև բանջարեղենային ռագուներ, որտեղ բացի բանջարեղենից մսի տեսականի նույնպես կա, մսի պահածոներ, քաղցրավենիք:

Ստացիոնար պայմաններում կերակրում իրականացվում է այլ կերպ՝ ճաշատեսակները պատրաստվում են ձավարեղենից, հում բանջարեղենից և տարբեր տեսակների մսեղենից: Այս պայմաններում անձնակազմի համար ուտեստները պատրաստվում են եփման եղանակով, սակայն առաջնագծում լինում են ֆաբրիկատներ, կիսաֆաբրիկատներ ու թարմ բանջարեղեն»,- շեշտեց Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետը:

Անդրադառնալով զինվորին հատկացվող ուտելիքի չափաքանակներին՝ գնդապետ Մարգարյանը հավելեց, որ դրանք մշակելիս հաշվի է առնվել օրվա հասանելիք կալորիականությունը՝ միջինում 75-80 կգ կշռող մեկ զինծառայողի համար: Այսինքն՝ մեկ զինծառայողի համար հասանելի է օրական 3800-4200 կկալ և այս չափաքանակները մշակվել են ռազմաբժշկական մասնագետների կողմից:

Եզրափակելով խոսքը՝ Արա Մարգարյանն հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է զինծառայողների ռացիոնում չորացված մրգեր ավելացնել:

Աղբյուր՝ armenpress.am

Կիսվել նյութով