Մամուլ

Նոր առաջարկ՝ խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցների ու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նոր առաջարկ ունի խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցների ու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար։ Նրանք կարող են ապրել միասին, հատուկ պայմանագրով՝ տարեցը կստանա խնամք, մահից հետո բնակարանը թողնելով իրեն խնամած ընտանիքին։ Սա առայժմ նախագիծ է, որ դեռ պետք է ստանա կառավարության հաստատումը։

Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն ասում է՝ սրանով փորձում են կանխարգելել անխնամ, անժառանգ տարեցների մուտքը ծերանոցներ, փակ հաստատություններ, սա ծառայությունը հենց տեղում՝ ընտանիքում ստանալու ևս մեկ հնարավորություն է։

«Էս պարագայում երկու կողմը ունեն էսպես ասած հետաքրքրություն և շահ իրար հետ ապրելու։ Եթե տարեցն ուզում է ընտանեկան միջավայրում մնա, միաժամանակ ստանա խնամք, շփվի երեխաների հետ, էսպես ասած՝ թոռների հետ տարիքային իմաստով, և երիտասարդները, ովքեր խնդիր ունեն տան կամ ֆինանսական, որպեսզի վարձի հարց լուծեն, էս պարագայում, եթե ճիշտ, առողջ հարաբերություններ են կառուցվում երկու սերունդների միջև, փոխադարձ շահավետ տարբերակ է լինում», – նշեց Գասպարյանը։

Ըստ նախագծի՝ երիտասարդ ամուսինների տարիքը միասին չպետք է գերազանցի 100-ը, նրանք սեփականություն չպետք է ունենան։ Տարեցն էլ՝ 65-ն անց, միայնակ, անժառանգ տատիկ կամ պապիկ, որ համաձայն է կիսել կենցաղը այլ ընտանիքի հետ։ Նախագծում մանրամասն շարադրված են բոլոր մանրամասները՝ տնային մաքրությունից մինչև կոմունալ ծախսեր։ Ծրագրի վերահսկողը սոցապ նախարարությունն է։

«Մենք էդ հնարավորությունը պետք է տանք, միաժամանակ, էդ հնարավորությունը տալով՝ էնպիսի իրավական դաշտ ստեղծենք, որպեսզի էդ մարդու համար էդ հնարավորությունից օգտվելը չլինի ռիսկային», – ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

Պայմանագրային այսպիսի հարաբերությունները թույլ կտան, որ դյուրահավատ տարեցները չխաբվեն, նոր մոդելը շատ անհրաժեշտ է համարում Իրավաբանների ու հոգեբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։ Նա այս պահին զբաղվում է 85-ամյա Էմմա Սարգսյանի գործով. տատիկին խոստացել են խնամել՝ տունը ստանալու ակնկալիքով, տունը իրենցով են արել՝ տատիկին թողել փողոցում։

«Էս պահին էլ ունեմ վարույթում նման գործ. 85-ամյա տատիկ՝ անօգնական, առանց հարազատների, որևէ մեկը չունի։ Նա շատ արագորեն հավատացել է իրեն օգնող ձեռքին, որ իրեն պահելու է, խնամելու է, հուղարկավորելու է, բայց հայտնվել է խաբեության ճիրաններում՝ մեկ ամիս անց նրան հանել են դուրս», – նշեց Մարոզյանը։

Հայաստանում անժառանգ, նպաստառու, խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցների համար գործում է տնային խնամքի ծրագիր, որ իրականացնում են սոցծառայողները։ Դրանից այս պահին օգտվում է շուրջ 3 հազար 500 հոգի ողջ հանրապետությունում։ Սվետլանա Սիմոնյանը միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոնի Նոր Նորքի սոցիալական աշխատողն է, միայնակ ծերերի հետ շփման մեծ փորձով։ Տպավորություն ունի, որ միայնակները երիտասարդ ընտանիքի հետ ապրել չեն ցանկանա։

«Մենք զգում ենք, որ նրանք ուզում են մենակ ապրեն, մենակ իրենց ծերությունը անցկացնեն, բայց մեր օգնությամբ, ասենք թե, բոլոր աշխատանքները, ինչ որ դրսի հետ է կապված, ինչ որ տան հետ է կապված, դրանք կատարվի, բայց իրանք ապրեն մենակ, հանգիստ։ Ժամեր ունեն ռադիո լսելու, հեռուստացույց նայելու, սերիալներ նայելու», – ընդգծեց Սվետլանա Սիմոնյանը։

Տնային սպասարկման այս մոդելով սոցաշխատողները որոշակի պարբերականությամբ այցելում են տարեցներին, հոգում նրանց հոգսերը՝ գնումներ անում, տուն մաքրում, բժշկական հարցեր լուծում ու անպայման հեռանում։

73-ամյա Աստղիկ Բարսեղյանը մի քանի տարի է ինչ ծրագրի շահառու է, տեսողությունը համարյա զրոյացած է, և սոցաշխատողի այցը փրկություն է նրա համար։ «Ոչ թե գոհ եմ, այլ ինձ փրկել է, որովհետև ես դրսի առևտուր չեմ կարող անել», – ասաց Աստղիկ Բարսեղյանը։

Կենցաղային հարցերից բացի, տիկին Սվետան նաև նրա առողջական հարցերով է զբաղվում, անվճար վիրահատության փաստաթղթերը պատրաստ են։ Տեսողություն չունի, բայց տնային գործերում վստահում է միայն ինքն իրեն։

Օրվա գլխավոր զբաղմունքը միայնակ կնոջ համար՝ ռադիոն է, բոլոր աշխարհաքաղաքական հարցերից տեղյակ է, իսկ սոցապի նոր առաջարկի մասին դեռ չէր լսել, լսեց՝ ու տեսակետը պատրաստ է. «Մեզ հանգիստ է պետք, թեկուզ երեխա ունեցողներն էլ էլի մենակ են ապրում, որ իրենց հանգիստը վայելեն, դա սխալ է։ Ուրիշը որ գա մտնի իմ տուն, ես ոնց նրա հետ կարամ հաշտվեմ, ապրեմ, ոնց որ շնչիս վրա նստի։ Չէ, տենց բան հնարավոր չի, շահն է այդտեղ խոսում»։

Դեմ է ամենաընտիր խնամքի դեպքում էլ տունն օտարին կտակելու հեռանկարին, չի ուզում, որ իր մենակությունը ինչ-որ աղմուկով լցվի, ասում է՝ ծաղիկներն անշառ ընկերներ են։ «Առավոտ շուտ վեր եմ կենում, խոսում եմ հետները, որ չես սիրում՝ վատ են զգում, խռովում են, նեղանում են», – ասաց Աստղիկ Բարսեղյանը։

Նախարարությունում հույս ունեն, որ խնամող ընտանիքի հետ ապրելու ցանկություն կհայտնեն տնային խնամքից օգտվելու իրավունք չունեցողները և այն տատիկ-պապիկները, որ ծերանոցի ճանապարհին են։ Սա նաև տուն ունեցող տարեցին կօգնի խարդախությունների զոհ չդառնալ։ Եթե ուզում է իրեն խնամք խոստացածին տուն ժառանգել, հավատը կարող է փաստաթղթավորել պայմանագրով:

Աղբյուր՝ azatutyun.am

Share