Շոու-բիզնես

«Նոր Ալիք»-ի հատուկ մրցանակի պայքարում Հայաստանն առաջինն է, իսկ Ադրբեջանը՝ երկրորդը

Օգոստոսի 24-29 Սոչիում տեղի կունենա «Նոր Ալիք 2019»-ը երգի միջազգային մրցույթը։ Երգի մրցույթում Հայաստանի այս տարվա պատվիրակը Արտյոմ Հակոբյանն է՝ Տյոմը։ Երգիչն արդեն մեկնել է Սոչի, որտեղ մեկնարկելու են նախահամերգային փորձերը։

Այս տարի «Նոր Ալիք»-ում ձևաչափի փոփոխություն է եղել՝ «Միջազգային հիթ», «Երկրի հիթ» անվանակագերի փոխարեն մասնակիցները ներկայանալու են նոր՝ իրենց համար գրված ստեղծագործություններով։  

Տյոմը երգերի ընտրության, հատուկ մրցանակի համար պայքարի և իր տրամադրվածության մասին պատմել է  Tert.am Life-ին։

«Առաջին օրը երգելու եմ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Так же как все» երգը, որն ավելի հայտնի է «Ա-Ստուդիո» խմբի կատարմամբ, սակայն ես ներկայացնելու եմ նոր մոտեցմամբ՝ Արման Փահլևանյանի գործիքավորմամբ։ Երկրորդ օրը երգելու եմ Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը, իսկ երրորդ օրը՝ Նիկ Էգիբյանի և Աննա Հարությույանի հեղինակած Gimme Your Love ստեղծագործությունը, որն ավելի պայծառ ու պարային տրամադրությամբ է»,- ասած երգիչը։

Տյոմի խոսքով երգերի ընտրությունը բավականին բարդ է եղել, հատկապես, որ առաջին օրվա «Так же как все» երգն ընտրել են մրցույթի կազմակերպիչները։

«Երկրորդ և երրորդ մրցութային օրերի երգերը մենք մի քանի տարբերակով ուղարկել ենք մրցույթի կազմակերպիչներին, որտեղից նրանք ընտրել են այն երկուսը, որոնք կատարելու եմ։ Երեք երգերի դեպքում էլ փորձել ենք ստանալ մի բան, որը հասանելի կլինի թե՛ երիտասարդներին ու թե՛ տարիքային ավելի մեծ սեգմենտին։ Երեք օրերի ընթացքում էլ ոճային որոշ տարբերություններ կլինեն, սակայն մենք հաշվի ենք առել, որ ստեղագործությունները պետք է լինեն հիթային և ըստ դրա էլ առաջնորդվել ենք։ Արդեն պետք է սպասենք արձագանքներին և կհասկանանք, թե որքանով են դրանք սիրվել»,-ասաց Տյոմը։

Չնայած երգերի բարդ ընտրությանը՝ Տյոմի խոսքով ինքը գոհ է և արդեն հասցրել է սիրել երեք երգերն էլ․ «Սա այն դեպքն է, երբ ես իմ երեք երգերն էլ շատ եմ հավանում և հաճույքով եմ կատարելու։ Քանի որ ինձ դուր են գալիս՝ ես դրանք լավ կկատարեմ, և դրա արդյունքում էլ, կարծում եմ, մարդիկ շատ կսիրեն»։

Ինչ վերաբերում է նախագծի ամենամյա հատուկ մրցանակին, ապա Տյոմն այստեղ առաջատարի դիրքերում է։ Քվեարկությունն ընթանում է համացանցում, որտեղ օգտատերերը հնարավորություն ունեն իրենք ընտրել այն մասնակցին, որը, անկախ ժյուրիի տված միավորներից, կստանա առանձին՝ հատուկ մրցանակ։

«Այս անվանակարգում ես առաջինն եմ, չնայած Ադրբեջանը վերջին մի քանի օրերին բավականին ակտիվացավ ու իրենց քվեները միանգամից ավելացան, գուցե  քաղաքան նկատառումներից ելնելով, բայց, հուսով եմ, քվեարկությունն այնպես կընթանա, որ կպահպանեմ առաջատարի դիրքերը»,- ասաց կատարողն ու հավելեց, որ անկախ ամեն ինչից, ինքը շատ լավ է տրամադրված։

Ի տարբերություն «Եվրատեսիլի», ըստ Տյոմի, «Նոր Ալիքը» շեշտը դնում է կատարողականության վրա։

«Քանի որ սա երգի մրցույթ է, այսինքն այստեղ առաջնային երգելն է՝ բեմադրություն, որպես այդպիսին, չի լինելու։ Մրցութային վերջին օրվա Gimme Your Love  ստեղծագործությունը բավականին ակտիվ է՝ պարային մի փոքրիկ մաս այդ ընթացքում կլինի։ Անկեղծ ասած, հատուկ որևէ բան չենք արել, որովհետև դա կոնկրետ  երգելու մրցույթ է։ Օրինակ «Եվրատեսիլը» ավելի շատ հիմնված է շոուի, բեմադրության վրա, իսկ «Նոր Ալիքը»՝ երգի կատարման ու հենց երգի վրա»,- նշեց նա։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով