ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ:

Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում:

Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:

Մասնավորապես, անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն մի քանի կարևոր քայլեր կառավարությունն իրականացրել է: «Գիտեք, որ Հայաստանում մենաշնորհներ, տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ կային, որոնք վերացված են:

Հիմա ոչ ոք որևէ սահմանափակում չունի: Կրճատել ենք ստվերային տնտեսությունը, և անցած վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 51 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, ստվերային առևտուրն է կրճատվել: Մեր ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ տնտեսության զարգացման նպատակով պետք է մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախկինում դրանք եղել են սահմանափակ:

«Մեր հիմնական դերակատարումը տեսնում ենք նրա մեջ, որ մարդկանց հավատ ներշնչենք իրենց ուժերի նկատմամբ, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը, հաջողությունը, կարիերան ապահովել: Դրա համար պետք է ապահովենք արդար ու հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ: «Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի և տեխնոլոգիական ոլորտը կզարգանա:

Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ և հիմա մեր երկրում կա նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը:

Հաջորդ ուղղությունը՝ տուրիզմն է, որը հույս ունենք մեծ տեմպերով կզարգանա: Վերջին տարիներին տուրիզմը լավ է զարգանում, որովհետև բավականին շատ նոր մտածողությամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել և հաջողություններ ունեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը մարդկանց պետք է կրթության, իրավունքների պաշտպանվածության, տնտեսական հնարավորությունների առումով այնքան ուժեղացնի, որ մարդն իր անհրաժեշտ հացը, ջուրը, հագուստն ապահովի ոչ միայն իր, այլև ուրիշների համար:

Կիսվել էջում