ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին. Հրայր Թովմասյան (Տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործին և այլ հարցերի:

– Պարո՛ն Թովմասյան, հայտնի է, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել։ Դուք այն կարծիքի՞ն եք, որ իշխանափոխությունից հետո երկրներում պետք է փոփոխվեն նաև դատական իշխանությունները:

– Գիտեք, այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնում է նաև դատական իշխանության փոփոխության, այդ երկրների համար «իրավական», «ժողովրդավարական» տերմիններն այլևս օգտագործելի չեն: Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են, որովհետև օրվա քաղաքական իշխանությունը որոշելու է, թե ով է լինելու դատական իշխանությունը:

Եվ դատական իշխանության անկախության գլխավոր երաշխիքը նրանում է, որ նրանք պաշտոնավարում են ավելի երկար ժամանակահատվածով, քան իրենց ձևավորած մարմինները՝ կլինի դա հանրապետության նախագահը, թե Ազգային ժողովը: Այս առումով այդ պնդումը, որ քաղաքական փոփոխություններից հետո պետք էր նաև դատական իշխանությունը փոխել, որևէ աղերս չունի ո՛չ իրավական պետության, ո՛չ էլ ժողովրդավարական պետության հետ:

Կամ պետք է լինել ազնիվ, Սահմանադրության մեջ ևս գրել, որ քաղաքական իշխանության փոփոխության պարագայում փոխվում է նաև դատական իշխանությունը: Սա ազնիվ կլինի, բայց կլինի մեր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին հակասող: Ուշադրություն դարձրեք, որ դատական իշխանությունն իշխանության մյուս բոլոր ճյուղերի մեջ ամենաանկախն է, բայց անգամ քվազի անկախ պետական մարմինները, ինչպիսին են, օրինակ՝ կարգավորող հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, անգամ այս մարմինները քաղաքական այդ փոփոխությունների արդյունքում չեն փոփոխվում, էլ ուր մնաց, որ մենք խոսենք դատական իշխանության մասին:

Հետևաբար, նման պնդումները որևէ աղերս չունեն: Կա՞ն դատական իշխանությունում խնդիրներ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրները լուծել, բայց քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականը պահանջելն աղերս չունի իրավական պետության հետ: Կան խնդիրներ, որ կան մարդիկ, որոնք անհամատեղելի են՝ նրանց վարքագիծը, գործունեությունը ներկա պահանջների հետ, ապա պետք է այդ մեխանիզմները գտնել և այդ մարդկանցից մեկ օր առաջ ազատվել: Ի տարբերություն քաղաքական իշխանությունների, դատական իշխանության նկատմամբ անհասցե քննադատությունը տեղին չէ:

Դա կարող է լինել խորհրդարանի նկատմամբ, որովհետև այնտեղ քաղաքական թիմ է և ամբողջ քաղաքական թիմը՝ գործադիրի հետ, պառլամենտական կառավարման համակարգում քաղաքական պատասխանատվություն է կրում: Դատական իշխանության պարագայում դա պետք է լինի հստակ և հասցեական: Ընդհանուր քննադատությունը, ընդհանուր տերմինները, հասկացություններն այստեղ անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն իրականացնում է արդարադատություն և ինքը մեղավոր չէ, որ կողքի դատավորն այդ արդարադատությունը սխալ է իրականացնում:

Գործադիր իշխանությունում ցանկացած նախարար նաև համաչափ պատասխանատվություն է կրում ողջ գործադիր իշխանության համար և եթե կողքի նախարարը վատ է աշխատել, ապա դրա պատասխանատվություն կրողը նաև ինքն է, ինչը չի կարելի ասել դատական իշխանության նկատմամբ, որովհետև որևէ ազդեցություն չունի այս դատավորը, թե կողքի դատավորը վատ է աշխատել, կաշառակեր է, խելքը չի հասնում, արդարադատությունը պատշաճ չի իրականացնում և այլն: Ուստի, այստեղ, կրկնում եմ, քննադատությունը պետք է լինի հասցեական և կոնկրետ:

Ուշադրություն դարձրեք, դատական իշխանությունն այս առումով գտնվում է անհավասար վիճակում: Երբ որ քննադատություն է հնչում գործադիր, օրենսդիր իշխանության կողմից, ապա զենքերի հավասարության սկզբունքը չի պահպանվում, որովհետև ի տարբերություն օրենսդիրի և գործադիրի, դատական իշխանությունը չունի այդ քաղաքական թիմը, որոնք պետք է պատասխանեն տարբեր ամբիոններից այդ բոլորին:

Դատական իշխանության զենքն իր որոշումներն են, ինքը հանրության հետ խոսում է իր որոշումների միջոցով, ուստի, այստեղ էլ պրակտիկան, կարծում եմ, պետք է գնա այն ճանապարհով, որ կոնկրետ և հասցեական լինի, և լինի այդ քննադատությունը նաև գիտական, եթե գործ ունենք կոնկրետ որոշման հետ: Իսկ ընդհանրապես ասել, որ դատական իշխանությունը վստահություն չի վայելում, կոռումպացված է և այլն, կրկնում եմ՝ ո՞վ ասաց: Այս ընդհանրական հասկացությունները, մոտեցումները դատական իշխանության դեպքում տեղին չեն:

– Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՍԴ-ի վերաբերյալ կարծիքներ հայտնեց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

– Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել:

Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով