ՄամուլՔաղաքականություն

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միմյանց չեն բարևել

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքն ու Իլհամ Ալիևը միմյանց չեն բարևել, թեև նախկինում Վլադիմիր Պուտինը ծանոթացրել էր նրանց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ծանոթությունն արդյունավետ չէր։ Այս մասին նա ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։

Լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը նշել է, որ նախագահ Պուտինը մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ ու Հայաստանի ղեկավարության հանդիպումներ է կազմակերպել։ «Առաջիկայում որևէ ձևաչափ նախատեսվա՞ծ է», -հարցրել է հաղորդավարը։ Փաշինյանը պատասխանել է, որ Վլադիմիր Պուտինն արդեն արել է առաջին քայլը։ «Երբ ես Մոսկվա էի մեկնել Ֆուտբոլի աշխարհ առաջնությանը, Վլադիմիր Վլադիմիրովիչը ծանոթացրեց Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք ծանոթացանք։ Պարզապես խնդիրն այն է, որ, ցավոք, այդ ծանոթությունը շատ արդյունավետ չէր», -ընդգծել է նա։

Փաշինյանի խոսքով` Իլհամ Ալիևն էլ էր մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց այնտեղ նրանք նույնիսկ չեն բարևել իրար։ «…Պարզապես…դե, այդպես ստացվեց», -ասել է վարչապետը։

Վենեդիկտովը նշել է, որ Հայաստանի վարչապետը կարող էր զանգահարել Իլհամ Ալիևին, իսկ Փաշինյանը պատասխանել է. «Գիտեք, այո, լավ գաղափար է, բայց ես նրա հեռախոսահամարը չունեմ»։ Դրանից հետո Վենեդիկտովը խոստացել է, որ երբ հասնի Ալիևին, կհարցնի «արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման գնալ» ու նրա հեռախոսահամարը կխնդրի Փաշինյանի համար։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով