Ժամանց

Նախարարները կդիմանան, դրանք հա էլ ուտում են ու կուտեն, առաջ լրագրողներին հաց տվեք…

«Լրագրողներիս տեղափոխող միկրոավտոբուսն էլ հաղթահարեց ոլորաններն ու հասավ միջանկյալ կանգառին: Բերձոր: Ինչպես մի առիթով մի լավ մարդ նկատել էր՝ նահանգապետ Ալեքսան Հակոբյանի տան մոտ: Արդեն հեռավոր դարձող 2000 թվականն էր: Այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` նախարարների մի տպավորիչ խմբի ուղակցությամբ, մեկնում էր Ստեփանակերտ՝ Արցախի անկախության տոնին մասնակցելու:

Բերձորում, ուրեմն, միջանկյալ կանգառ էր նախատեսված: Բնական է` կարճ ճանապարհ չէ:

Նախարարներն ու վարչապետն արդեն Հակոբյանի հյուրընկալ օջախում էին, սեղանների շուրջ: Մատուցարաններով մարդիկ են ներսուդուրս անում: 
Դե, մենք էլ՝ մի խումբ լրագրողներով, միկրոավտոբուսի մոտ կանգնած, ասում-խոսում ենք: Ու մեկ էլ նկատում եմ այն ժամանակվա, եթե չեմ սխալվում՝ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, այժմ՝ երջանկահիշատակ Դավիթ Զադոյանին…

Հիշում եմ` հիմա արդեն է՛լ ավելի հեռավոր թվացող 1993-ին, երբ Դավիթ Զադոյանը պարենի ու մթերումների նախարարն էր կամ, ինչպես երբեմն ասում էինք, հացի մինիստրը, ինչ-որ տեղեկություններ ճշտելու համար, մի քիչ էլ օգնականի, թե էլ ում հետ կռիվ-ղալմաղալ անելով, մտավ իր աշխատասենյակ: Սովորական, անպաճույճ մի կաբինետ:

Զադոյանն անպիսի հոգնատանջ տեսք ուներ այդ պահին, որ հարցեր տալս չեկավ: Ճիշտ է` ինքն ամեն դեպքում պատասխանեց, այն, ինչը հրապարակման այնքան էլ ենթակա չէր, բայց ինչը անասելի կարևոր էր պատերազմող ու շրջափակված ժողովրդի համար՝ ցորենով բեռնված էշելոնը անկորուստ հասցվել է Հայաստան…

Հետո, շատ հետո ուրիշ մանրամասնություններ էլ էին պատմում, ուրիշ մարդիկ, ոչ ինքը: Պատմում էին, որ այն ժամանակվա առավել քան անհանգիստ Վրաստանի տարածքով Հայաստան եկող «պարենային» ու հատկապես՝ ցորենով գնացքները նախարարը հաճախ անձամբ էր ուղեկցում: Ասում էին նաև՝ զենքը ձեռքին: Ու տեղ էր հասցնում…

Իսկ 2000 թվի նախաաշնանային այդ օրը, իհարկե, բոլորովին այլ տրամադրություն էր, այլ իրավիճակ: Արդեն ոչ թե հացի, այլ արտադրական ենթակառուցվածքների նախարար, արդեն ոչ թե՝ գոնե կտրոնով հացն ապահովելու ալյուրի խնդիր, այլ՝ դեպի Արցախի մայրաքաղաք՝ տոնական առիթով…

Դավիթ Զադոյանը առաջ եկավ ու իմիջիայլոց հետաքրքրվեց, թե լրագրողների ու վարորդների համար որտեղ են «հաց դրել»: Ինչ-որ մեկը թիկունքի կողմից պատասխանեց, թե դեռ չեն որոշել, հիմա «մի բան կանեն»: Պատասխանողն ի՞նչ իմանար, որ Դավիթ Զադոյանը առանց կատակի կվրդովվի.

-Ո՞նց թե մի բան կանեք:

Էս խոսքերի հետ շրջվեց դեպի սկուտեղակիրները ու հակաճառություն չընդունող տոնով կարգադրեց.

-Էս ի՞նչ բեսեդկա-սեղան է: Էդ ուտելիքը հենց էստեղ դրեք, անհրաժեշտ ինչ պետք է, բերեք, դասավորեք:

Սպասարկող անձնակազմից մեկը փորձեց այնուամենայնիվ հակաճառել.

-Բայց պարոն Զադոյան, սա նախարարների համար…

Խոսքը բերանում մնաց, որովհետև Զադոյանը շրջվեց դեպի համարձակվածն ու.

-Է-էհ: Նախարարները ոչինչ, կդիմանան, դրանք հա էլ ուտում են ու կուտեն: Առաջ լրագրողներին հաց տվեք…

Ու բոլորս համերաշխ ժպտացինք: Վերջին հաշվով՝ հացի նախարարն ավելի լավ գիտի, թե առաջինը ում հաց տան:

Մեկ-երկու օր անց, Ստեփանակերտից վերադառնալիս, էլի Բերձորում կանգ առանք, բայց դա արդեն մեկ այլ հիշողություն է»:

Պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը․ դեպքը տեղի է ունեցել 2000 թվականին։

Կիսվել նյութով