Մամուլ

Մերժել Հախվերդյանի նման շիզոֆրենիկներին. Արցախի նախագահի խոսնակը՝ Փաշինյանի կոչի մասին

Մերժել Հախվերդյանի նման շիզոֆրենիկներին. Արցախի նախագահի խոսնակը՝ Փաշինյանի կոչի մասին։ Երեկ` մայիսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատավորներին ուղղված հայտարարությամբ, որի ժամանակ խոսել էր նաեւ Արցախի մասին. «Ես դրանում տեսնում եմ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու  եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին խնդրեցինք արձագանքել վարչապետ Փաշինյանի  ելույթին։

Դավիթ Բաբայանը նշեց, որ ամենակարևոր ձեռքբերումը մեր միասնականությունն է: «Անթույլատրելի է, որ որեւէ մեկը խարխլի այդ ձեռքբերումը, լինի Արցախում կամ Հայաստանում, կամ սփյուռքում: Ես կոչ եմ անում մերժել Հայաստանում ապրող նման մարդկանց, ինչպես Հախվերդյանն է, նրա նման շիզոֆրենիկներին: Եթե այդպիսիք կան Արցախում՝ նույն վերաբերմունքին պետք է արժանանան: Ով խախտում է մեր միասնականությունը՝ աշխատում է թշնամու համար»,- մանրամասնեց մամուլի խոսնակը:

Մեր հարցին, թե բացի հանրային պարսավանքից՝ Արցախի իշխանությունն իրավական ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Արցախում նման միասնականությունը խախտող ուժերի դեմն առնելու, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց.

 «Իրավական ասածը մի քիչ բարդ է: Մենք ունե՞նք իրավական քայլ Հախվերդյանին սանձազերծելու, երբ նա մեզ թուրք է անվանում: Գնանք գլուխը ջարդե՞նք: Ես որ խոսում եմ, այդ անհատն արդեն զզվանք է առաջացնում ինձ ու մարդկանց մոտ, բայց ստիպված եմ անուն-ազգանունը տալու: Կարծում եմ՝ նման հայտարարություն անողները պետք է բանտում մի քանի տարի անցկացնեն, գուցե խելքները գլուխները հավաքեն»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության՝ տարածք հանձնելուն, դավադիր պատերազմ հրահրելուն, Բաբայանն ասաց՝ տարածք հանձնել ցանկացողները, մեր միասնականությունը խարխլողները մեր թշնամիներն են:

Աղբյուր՝ araratnews.am

Կիսվել նյութով