Մամուլ

Մարտի մեկը դարձել է շոու ոմանց քաղաքական նպատակների համար. Նարե Գրիգորյան

Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի մեկը դարձել է շոու ոմանց քաղաքական նպատակների համար

Մարտի 1-ի ողբերգության ժամանակ զոհվածների սպանությունները պետք է բացահայտվեն հատ-հատ, համակողմանի, օբյեկտիվ: Պետք է պարզվի՝ ով ում կրակեց, ով նռնակ գցեց, ինչ զենքեր կիրառվեցին, պետք է մտցվի պարզություն: 

Իսկ ինչ են անում մեր թավշյա իշխանությունները: Նրանք գնում են ամենահեշտ, բայց անընդունելի, ես կասեի՝ անբարո ճանապարհով՝ վերցրել են Ռոբերտ Քոչարյանին, նշանակել մեղավոր, գործը կապել նրա անվան հետ և համարել այն բացահայտված:

Մի կողմ թողնելով իրավաբանորեն անգրագետ կերպով իրականացված լինելու հանգամանքը, ուզում եմ շեշտել հարցի բարոյահոգեբանական կողմը: Այսօր զոհերի հարազատները փաշիստների համար դարձել են մանիպուլյատիվ գործիքներ՝ ամբոխի վրա հուզական տպավորություն ստեղծելու համար:

Իրականում սրանց պետք չէ մարտի 1-ի բացահայտումը, սրանց պետք է Ռոբերտ Քոչարյանին պահել բանտում: Ենթադրում եմ, որ այդպիսի պատվեր նրանք ստացել են իրենց օտարերկրյա տերերից, ինչպես նաև լուծում են անձնական վրեժխնդրությա հարցեր: Բայց ինչի՞ համար, ի՞նչ է արել Քոչարյանը Փաշինյանին՝ չեմ կարողանում հասկանալ:

Քոչարյանը թատրոն է վերանորոգել, որպեսզի Փաշինյան ընտանիքը այսօր նստի կոկիկ, ջեռուցվող, հարմարավետ դահլիճում և ներկայացում վայելի:
Քոչարյանը հանրապետությունով մեկ ճանապարհներ է սարքել, որպեսզի Փաշինյանն իր սվիտայի հետ ճամփորդի և երկրով մեկ ստեր տարածի:
Քոչարյանը պատերազմ է հաղթել, որ Փաշինյանը գա ու արդեն ազատագրված Արցախի վերաբերյալ լիֆտերի մեջ սիլի-բիլի անի:

Այսինքն, Քոչարյանը բացի լավից, վատ բան չի արել:

Վերադառնալով հիմնական մտքիս, ասեմ՝ մարտի 1-ի ողբերգությունը դարձնել շոու, դարձնել մանիպուլյացիայի գործիք՝ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա ցինիզմ է: Դա իրականում ծածկադմփոց է, քանի որ ճշմարտությունը պարզվելու դեպքում այսօրվա իշխանավորներից շատերը իրենք են հայտնվելու մեղադրյալի աթոռին»:

Կիսվել նյութով