Ժամանց

«Մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ոճի, նորաձևության մասին

«Մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ոճի, նորաձևության մասին

Wnews.am-ի զրուցակիցը Արփինե Հովհաննիսյանն է, ով անկախ զբաղեցրած պաշտոնից, միշտ ուշադրության կերնտրոնում է: Ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչներից մեկի՝  Արփինե Հովհաննիսյանի հետ  զրուցել ենք ոճի, նորաձևության, սոց-ցանցերում ակտիվության և, իհարկե, Մարտի 8-ի մասին:

-Թեպետ հիմա Աժ -ում չեք, պաշտոն չեք զբաղեցնում, բայց հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ չի պակասել, ունե՞ք բացատրություն, թե ո՞րնէ պատճառը:

-Ես միշտ գործել եմ այն համոզմունքով, որ մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը։ Միգուցե, սա է պատճառը, որ ինչպես պնդում եք, իմ անձի հանդեպ հետաքրքրությունը չի պակասել։

-Կին քաղաքական գործիչներին հաճախ անդրադառնում են ոչ միայն իրենց քաղաքական գործունեության, այլև ոճի, արտաքին տեսքի համար, ինչպե՞ս եք դրան վերաբերում:

Արփինե Հովհաննիսյան

-Կարծում եմ, որ բնական է, որ անդրադառնում են կին քաղաքական գործիչների ոճին, արտաքինին։ Սակայն, այդ հատկանիշները որևէ կերպ չպետք է դառնան կանանց գործունեության  գնահատման չափանիշը։ Հակառակ դեպքում շեշտադրումը բովանդակայինից տեղափոխվում է ձևական դաշտ, և կանանց ծավալած գործունեությունը դառնում է երկրորդական։

-Համաձայն կլինե՞ք, եթե ասենք, որ հիմա ավելի շատ ժամանակ ունեք ինքներդ ձեզ համար և ինչի՞ վրա եք ծախսում այդ ժամանակը:

-Ես մշտապես եղել եմ բազմազբաղ, բայց շաբաթվա մեջ ունեցել եմ  ինձ հատկացված մի փոքր ժամանակատաված, որը հիմա ոչ ավելացել և ոչ էլ պակասել։ Ներկայում էլ զբաղված եմ գործունեության մի շարք ուղղություններով, ու, ինչպես միշտ, զգացվում է ժամանակի սղությունը։

-Դուք բազմիցս հայտնվել եք ամենաոճային կին քաղաքական գործիչների շարքում, ինչպե՞ս կբնութագրեք ձեր ոճը: Տարբերվո՞ւմ է այն ձեր առօրյա ոճից:

գեղեցիկ ֆոտոշարք

-Իմ  գործնական ոճի առանցքը միշտ եղել է դասական ոճը։ Իսկ առօրյա ոճը բնականաբար տարբերվում է, օրինակ հանգստյան օրերին փորձում եմ ավելի շատ կրել ազատ ոճի հագուստ։

-Հետաքրքրվո՞ւմ եք նորաձևությամբհետևո՞ւմ եք արդյոք թրենդներին:

Նորաձևությամբ  հետաքրքվում եմ, թրենդների աշխատում եմ հետևել, բայց գերի երբեք չեմ դառնում նորաձևությանը։ Կարևորը սեփական ոճի  զգացողությունը պահպանելն է, որովհետև նորաձևությունը հարափոփոխ է, իսկ ոճը մշտական։

-ժամանակակից քաղաքական գործիչները իմիջային ի՞նչ շեշտադրումներ պետք է ունենան:

Իմիջային շեշտադրումները պետք է լինեն էությանը համահունչ և դիմագիծը ընդգծող։

գեղեցիկ ֆոտոշարք

–Վերջին շրջանում բավականին ակտիվ եք սոց–ցանցերում, Ինստագրամում  նոր ֆոտոշարքեր ենք տեսնում, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Որևէ հատուկ բանով պայմանավորված չէ։ Լիլիանի հետ միշտ ենք համագործակցել ու այդ համագործակցության շարունակություն են ֆոտոշարքերը, որոնք էլ հայտնվեցին Ինստագրամում։

-Ե՞րբ եք վերջին անգամ ծաղիկներ ստացել:

-Երեկ

Աղբյուր՝ wnews.am


Կիսվել նյութով