Մամուլ

Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունը բաց նամակ է հղել պատկան մարմիններին կալանքի տակ գտնվող պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող շների առնչությամբ․

«Հարգելի պատկան մարմիններ: Լրատվությունով տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը:

Նշենք, որ դեռ 1 շաբաթ առաջ որևէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին, սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը և Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետևաբար մենք որևէ քայլ չձեռնարկեցինք:

Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից:

Կրկին անգամ որևէ պետական մարմնից հնարավոր չեղավ ստանալ որևէ հստակ ինֆորմացիա այդ մասին:

Ստիպված ենք դիմել ընդհանուր բաց նամակով, քանի որ բոլոր պետական մարմինները մեկը մեկի վրա են փոխանցում խնդիրը և այն մնում է անլուծելի, ինչպես նաև խնդրել հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տրամադրել տեղեկատվություն կենդանիների որպիսության մասին:

Քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, մենք չունենք իրավունք առանց թույլտվության մտնել Մանվելի տուն և կենդանիների նկատմամբ կատարել որևէ գործողություն: Հետևաբար խնդրում ենք թույլտվություն՝ կենդանիների խնամքը և հետագա որդեգրումը մեզ վրա վերցնելու համար:

Խնդրում ենք արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ ամեն օրը հաշիվ է, եթե կենդանիներն իսկապես մնացել են սոված և ծարավ»։

Կիսվել նյութով