ԺամանցՄամուլՇոու-բիզնես

«Հուսով եմ, որ գոնե մեր թոռները լավ կապրեն»․ «Ժողովուրդ»

Հայտնի Դերասանուհի Ջուլիետա Բաբասյանը տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում։ Վերջին սերիալը, որտեղ նա նկարահանվել է, եղել է «Փոխնակ մայրը»։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում տիկին Բաբայանը նշեց՝ էկրաններին չերևալու պատճառը հրավերներ չստանալն է։

«Ես ինքս դռներ չեմ թակում, չեմ խնդրում, որ ինձ ընդգրկեն նախագծերում, բայց կան մարդիկ, որոնք ամեն ինչի դիմում են։ Շատ անգամ հրավիրում են նկարանահանվելու, իսկ պայմաններն այնքան վատն են, որ արդյունքում դու մրսում, հիվանդանում ես, իսկ չնչին հոնորարը բավականացնում է միայն դեղեր գնելու համար։ Շատ ռեժիսորների էլ ձեռնտու են ոչ պրոֆեսիոնալները․ նրանց կարողանում են բավական ցածր հոնորարներով բավարարել։ Ամբողջ ազգը դարձել է երգիչ ու դերասան, հեռուստանախագծերում նկարահանվում են երգիչներն ու պարողները, իսկ իրական մասնագետները նստած են տանը»,- մեկնաբանեց տիկին Բաբայանը։

Վերջին ֆիլմը, որի շրջանակներում հանդես է եկել դերասանուհին, կոչվում է «Մենք հարևաններ ենք»։ Ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է, այն դեռ էկրան չի բարձրացել։ 50 տարուց ավել է՝ տիկին Բաբայանն աշխատում է Գ․ Սունդոուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Հարցին, թե Մայր թատրոնում սերնդափոխությունը հաջող է ընթանում, թե ոչ՝ տիկին Բաբայանը պատասխանեց․

«Շատ մարդիկ եկան-գնացին, բայց ես իմ թատրոնին չդավաճանեցի։ Մենք ունենք շատ շնորհքով երիտասարդներ, միայն թե անհրաժեշտ է իրենց պոտենցիալը ճիշտ օգտագործել։ Բայց, ցավոք, հաճախ այդպես չի լինում»։

Ջուլիետա Բաբայանն անդրադարձավ նաև վերջին ամիսներին հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին․ «Այնպիսի տպավորություն ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարություն է հաստատում մեր երկրում։ Անկեղծ ասած՝ շատ ոգևորված եմ մեր երիտասարդներով, որոնք բավական համարձակ են և կարողացան հեղափոխության ժամանակ և դրանից հետո հրաշալի դրսևորվել։ Հուսով եմ, որ գոնե մեր թոռները լավ կապրեն»։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով