Ազատ խոսք

Հուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Բեքարյան

Հուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ կամ չեն «մեկնի» որևէ երկիր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու:

Նման հույսերը կյանքի իրավունք ունեն՝ հաշվի առնելով, որ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հարցի խոր ուսումնասիրության նպատակահարմարության մասին կարծիք արտահայտած Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը կարծես դեռ չի առնչվել ԱԱԾ -ին… դիտորդության մասով էլ լուրեր չկան…

Թողնելով հարցի բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները, անգամ՝ որոշման ընդունման գործընթացի կամ դրա բացակայության օր-օրի բարդացող խնդիրները, նորից հիշեցնենք.

1. 21-րդ դարն է, վարչապետն էլ – իր և հասարակության մի հատվածի համոզմամբ՝ «ժողովրդի վարչապետ»…

2. Անհրաժեշտ է վերջապես գիտակցել, որ 2-3 օր առաջ արված և դրա նմանությամբ ԱԱԾ «հրավերները» անմիջական կապ ունեն երկրի վարկանիշի հետ, հայտնվելու են տարբեր միջազգային կառույցների զեկույցներում և արդյունքում՝ էլ ավելի բարդ դարձնեն երկրի նկատմամբ առանց այդ էլ հընթացս վատթարացող վերաբերմունքը», – գրել է քաղաքագետը:

Կիսվել նյութով