ՄշակույթՏեսանյութ

Հնդիկ երգիչը հայուհու հանդեպ սիրո մասին տեսահոլովակ է նկարահանում Երևանում (Տեսանյութ)

Երևանի Հանրապետություն հրապարակում այսօր իսկական մելոդրամայի ականատես դարձանք։ Հնդկաստանից ժամանած երաժիշտները վաղ առավոտից այստեղ տեսահոլովակ էին նկարահանում` առանց աղմկոտ պարերի, բազմաթիվ ապարանջանների զնգզնգոցների ու սարիի խշխշոցի։

6 հոգանոց խումբը Հնդկաստանից Հայաստան է եկել մի քանի օր առաջ։ Նրանք արդեն հասցրել են մեկ տեսահոլովակ նկարահանել, հիմա աշխատում են երկրորդի վրա։ Հնդիկներին օգնում են հայ գործընկերները։

Սցենարի համաձայն` գործողությունները ծավալվում են Երևանում։ Հնդկաստանում հայտնի երգիչ Սուրավ Սինխը երգում է իր սիրեցյալին Հայաստանում գտած երիտասարդի սիրո մասին։

surov sinx 1

«Ընտրել ենք Հայաստանը, քանի որ դուք ունեք շատ հետաքրքիր ճարտարապետություն, պատմություն ունեցող շենքեր։ Մեր լսարանին հետաքրքիր կլինի տեսնել իսկական սիրո մասին տեսահոլովակը, որը նկարահանվել է Երևանում»,- ասաց հնդիկ պրոդյուսեր Նասիմ Սինդը։

Նրա խոսքով` նկարահանող խմբին հիացրել են Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու հայերի բարյացակամությունը։ Հիմա հասկանում է` ինչն է իր հայրենակիցներին այդքան գրավում մեր երկրում։

surov sinx 3

Տեսահոլովակը երկու ամիս հետո կհայտնվի համացանցում, ինչպես նաև կհեռարձակվի հնդկական հեռուստատեսությամբ։ Սինդը համոզված է, որ դա Հայաստանն ավելի հայտնի կդարձնի Հնդկաստանում, ինչպես նաև կմերձեցնի մեր ժողովուրդներին։

Երգիչ Սուրավ Սինխը խոստովանեց, որ իրեն շատ է տպավորել Հայաստանի մթնոլորտը, հատկապես` մայրաքաղաքի։ Ասաց` ուրախ է, որ պրոդյուսերն ընտրել է հենց այս վայրը։

surov sinx 2

«Հայաստանցի գործընկերների հետ աշխատելը հեշտ է ու հետաքրքիր»,-ասաց Սինխը և վերադարձավ նկարահանման աշխատանքին։

Տեսահոլովակում սիրահարված երիտասարդի մուսայի դերը ստանձնել է հայ մոդել Գայանե Վերանյանը։ Նա խոստովանեց, որ շատ հեշտ է լեզու գտել երաժիշտների հետ։

Նշենք, որ Հայաստանը շարունակում է Հնդկաստանի բնակչության համար պահանջված ուղղություն մնալ։ 2018 թվականի ինն ամսվա ընթացքում Հայաստան են եկել Հնդկաստանի 21 հազար 61 քաղաքացի, դուրս են եկել` 18 հազար 95 քաղաքացի, մնացած 2 հազար 966–ը երկրում են մնացել։ Նրանցից միայն 2 հազարն են ռեզիդենտ։ Միաժամանակ 1200 հնդիկների համար ռեզիդենտ–քարտի տրամադրման հիմքն ուսումն է Հայաստանի բուհերում, 800–ի համար` աշխատանքը։

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Կիսվել նյութով