ՄամուլՏեսանյութ

«ՀՀ օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին:

Կիսվել նյութով