ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

ՀՀ Վարչապետը Վրաստանի նախագահին հրավիրեց միասին ճաշելու

ՀՀ Վարչապետը Վրաստանի նախագահին հրավիրեց միասին ճաշելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը: Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախագահ,ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»։

Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում:

Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել համագործակցության հետագա զարգացումը:

Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարևորությունը և մտքեր փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները:

Կիսվել նյութով