Քաղաքականություն

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ. հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

Արձանագրելով, որ

  • Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:

  • ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (ՀՀ նախագահի կողմից իր պարտավորությունների ստանձման օրը՝ 2018 թ․ ապրիլի 9-ը) նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
  • Սահմանադրական դատարանի նախագահի մասով անգամ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի նեղ և գերտառացի մեկնաբանության ժամանակ ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը, ով ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թ․ մարտի 21-ին, պետք է «շարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:
  • Սակայն նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի մյուս անդամներին: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2005 թ․փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը և տվյալ դեպքում սահմանադիրը ՍԴ անդամի և ՍԴ դատավորի միջև չի դիտարկում որևիցե տարբերություն։
  • Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` թե՛ Սահմանադրական դատարանի անդամի, թե՛ սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները նույն են` Սահմանադրական դատարանի կազմում իրականացնել սահմանադրական արդարադատություն:
  • Ըստ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի` Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
  • Եթե Վ. Գրիգորյանի մեկնաբաբնությունը ճիշտ լիներ, ապա դա կնշանակեր, որ 2018 թ. ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների տեղերը թափուր են և թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովը և թե՛ Կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին երեքական դատավորի թեկնածու առաջադրելուն: Սակայն ակնհայտ է, որ այդպես չէր, քանի որ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում նման անհեթեթ ձևով մեկնաբանել Սահմանդրությունը: Սակայն քաղաքական իրողությունները թերևս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձևախեղման:
  • Ավելին, Վ․ Գրիգորյանի կողմից նշված փաստարկների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. մեկում պաշտոնավարում են ՍԴ անդամները, իսկ մյուսում՝ ՍԴ դատավորները։ Իրավունքում կա տրամաբանական եզրահանգման ձև, որը կոչվում է reductio ad absurdum: Եթե նորմի որևէ մեկնաբանություն արդյունքում հանգեցնում է աբսուրդի (օրինակ` երկու ՍԴ ունենալ), ապա նորմի այդ մեկնաբանությունը չի կարող ընդունելի լինել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.

  • Նշված զարգացումները երկրում սահմանադրականությունը խարխլելու գործող իշխանությունների ջանքերի և դատական համակարգի հանդեպ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս մայիսին սկսված հարձակումների շարունակությունն են:
  • Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը:
  • Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը երկրում Սահմանադրության և օրինականության պահպանման ուղղությամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ միջազգային հարթակներում:

ՀՀԿ Գործադիր մարմին

Կիսվել նյութով