Մամուլ

Հարց քաղաքացիներից` եթե աշխատողը ունի 22 տարվա մանկավարժական ստաժ, կարո՞ղ է օգտվել մանկավարժական կենսաթոշակից

ՀԱՐՑ. 1995թ. աշխատում եմ Դիլիջանի պետական քոլեջում: Ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, որից 22 տարի մանկավարժական է: Խնդրում եմ ասեք` ես կարող եմ օգտվել մանկավարժական թոշակից:

Արթուր Եղիազարյան (ք. Դիլիջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը» (այսուհետ` ցանկ) հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:

Քանի որ Ա. Եղիազարայնի մասնագիտական ստաժը հաշվարկվում է 1995 թվականից, ապա նա չի կարող մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն ունենալ պահանջվող 12 տարվա մասնագիտական ստաժը, ուստի նրան չի կարող նշանակվել մասնակի կենսաթոշակ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

Նյութի աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով