Շոու-բիզնես

«Հասցրել եմ տուն ձեռք բերել, ամուսնացել եմ, երեխա դեռ չունեմ՝ կունենամ»․ Գարիկ Սեփխանյան

«Հասցրել եմ տուն ձեռք բերել, ամուսնացել եմ, երեխա դեռ չունեմ՝ կունենամ»: Դերասան, «Ֆուլ Հաուս» նախագծից  Ռուբենի կերպարով հայտնի Գարիկ Սեփխանյանն ընդգրկված է երկու նոր նախագծում, որոնք առայժմ աշխատանքային փուլում են՝ «Դեպի ճամբար» և «Ֆուլ Yere1»:

Դերասանն այսօր տոնում է ծննդյան 36-ամյակը։ Tert.am Life-ը Գարիկի հետ զրուցել է տարեդարձի, 36 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների, լրացվող բացթողումների և նոր նախագծերի մասին։

Պարզվում է Գարիկն իր տարեդարձը նշել երբեք չի սիրել՝ սկսած մանկության տարիներից։ Մեր հացին, թե որն է եղել իր կյանքում ամենահիշարժան տարեդարձը՝ Գարիկնն ասաց, թե գրեթե չի նշել, հետևաբար՝ չի էլ կարող ասել։ Սակայն նվերներ ստանալ՝ դերասանը շատ է սիրում։ Ինչպես սովորաբար՝ այս տարի ևս Գարիկին առաջինը շնորհավորել է կինը՝ Սյունեն։

«Օծանելիք շատ-շատ եմ սիրում և այս տարի կնոջիցս հենց օծանելիք եմ նվեր ստացել։ Առաջին շնորհավորանքներս սկսվել են դեռ կեսգիշերից՝ կինս է առաջինը շնորհավորել, հետո արդեն հարազատներս են մեր տանը եղել և այդպիսով տոնել եմ, ստացել շնորհավորանքներ՝ տորթի մոմերն եմ փչել»,- ասաց դերասանը։

Թե ինչու չի սիրում իր տարեդարձը՝ Գարիկը ծիծաղելով արձագանքեց․ «Ինչ սիրես, որ մեկ տարի էլ ես մեծանում․ մեկ տարի էլ մեծացա՝ ուրախանա՞մ»։

Գարիկ Սեփխանյան

36 տարեկան դերասանը նշում է՝ մեծամասամբ հասցրել է անել այն, ինչը ծրագրել է, չնայած կան բաներ, որոնք հույս ունի ապագայում լրացնել։

«Մինչև 36 տարեկանս կան բաներ, որոնք ծրագրել եմ և արդեն հասցրել եմ անել, կան բաներ, որոնք դեռ չեմ հասցրել։ Իհարկե այն ամենն ինչ չեմ հասցրել իրագործել, անպայման դրանք ևս կփորձեմ իրականություն դարձնել։ Հասցրել եմ տուն ձեռք բերել, ամուսնացել եմ, երեխա դեռ չունեմ՝ կունենամ և արդեն  մի հարյուր ծառ տնկած կլինեմ։ Բավականին ձեռքբերումներ ունեմ՝ պատիվ, հարգանք և այդ ամենի համար երկար տարիներ քրտնաջան աշխատել եմ։ Այս 36 տարիների ընթացքում փորձել եմ ամեն ինչ անել, որ ինչ-որ ավել բան ունենամ և դա հաջողվել է»,- նշեց Գարիկը։

Ինչ վերաբերում է աշխատանքային նորություններին, ապա դերասանն ասաց, որ ներկայումս զբաղված է միանգամից երկու նախագծում։

«Աշխատում ենք «Դեպի Ճամբար» նախագծի սցենարի, կազմակերպչական հարցերի վրա, ուզում ենք, որ հնարավորինս լավ բան ստանանք։ Այսինքն ամեն ինչ արվում է, որ նախագիծը հաջողություն ունենա և, կարծում եմ, որ պետք է լավ ստացվի։ Մյուս նախագիծը՝ «Ֆուլ Yere1», սկսելու ենք, երբ կավարտվեն այս մեկի նկարահանումները։ Զուգահեռ փորձում ենք իրականացնել»,- նշեց դերասանը։

Հեռուստադիտողները Գարիկին կրկին հումորային ժանրում են տեսնելու, սակայն, ըստ Գարիկի, հումորային ձևաչափից դուրս ուժերը փորձելու ցանկություն ևս ունի․ «Ինքս ինձ հումորային ժանրից դուրս ևս պատկերացնում եմ և ավելին՝ ցանկություն ունեմ փորձելու, եթե իհարկե հարմար ու համապատասխան առաջարկ կլինի։ Իրականում ինձ նույնպես հետաքրքիր է, թե ինչպես կստացվի և գուցե ստացվի»,- ասաց դերասանը։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով