Քաղաքականություն

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է. որեւէ ձեւով չենք մասնակցելու քարոզարշավին. ՀՀԿ հայտարարությունը

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է. որեւէ ձեւով չենք մասնակցելու քարոզարշավին. ՀՀԿ հայտարարությունը

Հայտարարության մեջ նշված է՝

«Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որեւէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլեւ  պետականությունը քանդելու հերթական քայլն է:

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու եւ իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

Մենք,  արձանագրելով վերոգրյալը եւ չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին,  հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին  որեւէ ձեւով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետեւանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման եւ տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաեւ թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»:

Կիսվել նյութով