Մամուլ

Հայ ժողովրդին թալանած ու կեղեքած անձինք շարունակում են մնալ անպատիժ. թավշյա հեղափոխությանն աջակցած լոսանջելեսահայեր

Հայ ժողովրդին թալանած ու կեղեքած անձինք շարունակում են մնալ անպատիժ։ Մենք՝ Հայաստանում մեկ տարի առաջ սկսված Թավշա Հեղափոխության առաջին իսկ օրվանից Լոս Անջելեսի հայկական համայնքում աջակցության խմբի ստեղծողներս ու աջակիցներս, ի պաշտպանություն հայաստանի հայ ժողովրդի ու հեղափոխության առաջնորդի՝ համայնքում հանրահավքներ, երթեր ու հրապարակային այլ միջոցառումների կազմակերպիչներս ու մասնակիցներս․

-հավատարիմ մնալով թավշյա հեղափոխության հռչակած գաղափարներին,

-գնահատելով Նիկոլ Փաշինյանի առանձին ջանքերը երկրում իրավիճակի ու մթնոլորտի փոփոխության ուղղությամբ, Հեղափոխությունից մեկ տարի անց Արձանագրում ենք․

-Հայաստանում շարունակում է գործել նախկին քաղաքական ու պետական կոռումպացված համակարգը,

-Հայ ժողովրդին թալանած ու կեղեքած անձինք շարունակում են մնալ անպատիժ, նրանց մի մեծ հատված շարունակում է նույնիսկ պաշտոնավարել։

-Արհեստականորեն, մեր կարծիքով՝ դրսից հրահրված սցենարով շարունակվում է սեպ խրվել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ, հասարակությանը բաժանելով սեւերի ու սպիտակների, հայաստանցիների ու արցախցիների, զոմբիների ու ադեկվատների։

-Հայկական սփյուռքը կարճատեւ զարթոնքից հետո նորից մնում է պառակտված ու բզկտված։ Մեր գնահատմամբ այս ամենը ձեռնտու է հայ ազգի թշնամիներին եւ հետապնդում է մեկ նպատակ․ հասարակությունը պառակտել, թշնամացնել ու հանել միմիանց դեմ, երկիրը վերածել քաոսի եւ իրագործել արցախի հարցի «լուծման» հակահայ դավադիր ծրագիրը։ Ելնելով վերը նշվածից, դիմում ենք Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի ներկա իշխանություններին եւ, որպես իրենց առաջին իսկ օրվածից աջակցած ու աջակցող կողմ, պահանջում դրսեւորել քաղաքական կամք եւ կատարել հետեւյալ անհրաժեշտ քայլերը․

1. Քաղաքական գնահատական տալ Հայաստանի նորանկախ պատմության շուրջ երեսուն տարիների քաղաքական իշխանությունների գործունեությանը։ Ասել է թե՝ քաղաքական գնահատական՝ Հայաստանի բոլոր երեք նախագահների գործունեությանը։

2. Անցկացնել Լյուստրացիա (գաղտնազերծում, քողազերծում) եւ բացահայտել բոլոր այն  գործակալներին որոնք Հայաստանում տարիներ շարունակ աշխատել են այլ պետությունների համար։ Պետական պաշտոններ զբաղեցնող բոլոր գործակալներին անհապաղ ազատել իրենց զբաղեցրած դիրքերից։

3. Անհապաղ հրաժարվել Սերժ Սարգսյանի հագով կարված եւ կեղծիքներով անցկացված սահմանադրությունից եւ ձեռնամուխ լինել նոր ժողովրդական սահմանադրության ստեղծմանը՝ որը կերաշխավորի իրական ժողովրդավարությունն ու ժողովրդի իրական իշխանությունը։

4. Սկսել իրավական գործընթաց՝ Արցախը ներառելու Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմաններում՝ այդպիսով կանխելով մեր հայրենիքի այդ հատվածը զավթելու դավադիր ծրագիրը։

5. Ստեղծել անհրաժեշտ պայմաններ սփյուռքի պրոֆեսոնալ կադրերին Հայաստանի պետական կառավարմանը մասնակցելու գործում։ Այս նպատակով պետք է կատարել հետեւյալ անհրաժեշտ քայլերը․

a. ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին տալ ընտրելու եւ ընտրվելու իրավունք։

b. Չեղարկել այն բոլոր օրենքներն ու արգելքները, որոնք խոչընդոտում են սփյուռքահայ պրոֆեսիոնալ կադրերին իրենց կարողությունները ծառայեցնել պետական կառավարման ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր ու դատական համակարգերում։

c. Մինչ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակելը խորհրդակցություններ անցկացնել սփյուռքի տարբեր համայնքների ու հատվածների հետ եւ նշանակել մի անձնավորության, որը կլինի Հայաստան Սփյուռք փոխհամաձայնության արդյունք։

Վերոհիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ մենք մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխական կառավարությանը։

Այդ ճանապարհին պատրաստակամ ենք մեր ողջ ռեսուրսները ներդնել ազատ, ազատ անկախ, միասնական եւ ժողովրդավար Հայաստան կերտելու գործում։ Կազմակերպիչներ՝ AMGA TV հեռուստամեկնաբաններ Արմեն Բարսեղյան եւ Արթուր Սահակյան, Մասնակիցներ՝ Թավշյա հեղափոխությանը առաջին իսկ օրվանից աջակցած լոսանջելեսահայեր։

22-ը մայիսի, 2019 թվական Լոս Անջելես 

Կիսվել նյութով