Մամուլ

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք, -այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել:

Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել:

Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Կիսվել նյութով